Արամ Դավթյան. Կբողոքարկենք Վահե Սարուխանյանի մենամարտն ու կապացուցենք, որ նա հաղթել է

16:15 11.02.2019

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանն ու մարզիչ Դավիթ Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, Վահե Սարուխանյանը մրցել է Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:

Մարտն անցել է Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհել է ռուս բռնցքամարտիկին:

Արամ Դավթյանի խոսքով, իրենք մեկ շաբաթվա ընթացքում գրավոր հայտ են ներկայացնելու մրցաշարի կազմակերպիչներին՝ բողոքարկելով Վահե Սարուխանյանի մենամարտի արդյունքը.

«Վահե Սարուխանյանն իր մենամարտերին սկսել է նախապատրաստվել Դավիթ Թորոսյանի հետ ու մենք շատ մեծ աճ ենք նկատել: Վահեն հիանալի մարտ անցկացրեց, որտեղ ինքը փայլեց իր թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողություններով: Վահեն շատ բարձր կարգ ցույց տվեց, մենամարտից հետո Վահեն ոչ մի քերծվածք չուներ դեմքին: Նա գերազանցում էր իր մրցակցին, բայց, ինչպես տեսաք, մրցավարները ոչ-ոքի արդյունք գրանցեցին, իսկ չորրորդ մրցավարը հաղթանակը շնորհեց Մալիկովին: Պետք է ասեմ, որ բոլոր այդ որոշումները սխալ են: Մենք 7 օրվա մեջ հայտ կներկայացնենք՝ մենամարտի արդյունքը վերանայելու:

Մենք այդ հարցը կլուծենք, կփորձենք ապացուցել, որ բոլոր ցուցանիշներով Վահեն հաղթել է: Ես չեմ փոխողը, բայց կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի ապացուցենք մեր ճշմարտացիությունը: Ամեն ինչ ասում եմ մտածված»,- նշել է Արամ Դավթյանը:

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես էր եկել հայտարարությամբ.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորաբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»: 

Արդյոք այս հայտարարությունից հետո մեր բռնցքամարտիկների համար Ռուսաստանում ելույթ ունենալու հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա.

«Ոչ: Ես ազատ մարդ եմ ու իրավունք ունեմ արտահայտելու իմ կարծիքը, ինչն էլ արել եմ: Թույլ չեմ տա, որ որևէ մեկը խոչընդոտի իմ մտքերի, կարծիքի ազատ արտահայտմանը»:

Մարզիչ Դավիթ Թորոսյանի խոսքով էլ հաղթանակը միանշանակ պետք է տրվեր Վահե Սարուխանյանին.

«Վահեն միանշանակ հաղթեց: Մրցաշարը Super 6 բնույթ էր կրում, այսինքն հաղթողները պետք է շարունակեին պայքարը: Վահեն մեր հետ մարզումների արդյունքում արմատապես փոխվեց: Նա հիմա ուրիշ աչքերով է նայում բռնցքամարտին: Երկու ամիս է, ինչ աշխատում եմ Վահեի հետ: 

Ինչ վերաբերում է Գոռի մենամարտին, որոշ մարդիկ ասում են, թե թույլ մրցակցի հետ էր մենամարտում Գոռը: Բայց չեմ կարողանում պատկերացնել նման մարդկանց դատողությունը: Մի քանի վայրկյան տևած մենամարտից հետո ինչպե՞ս հասկացան թո՞ւյլ էր, թե՞ ուժեղ: Իսկ միգուցե մեր բռնցքամարտի՞կն էր շատ ուժեղ ... հավատացեք՝ այս տարբերակն ավելի իրատեսական է: Գոռը շատ լավ հաղթանակ տարավ նոկաուտով: Անգամ նրանք չհասկացան, թե ինչ է կատարվում: Բռնցքամարտը շատ անկանխատեսելի է: Մեկ հարվածը կարող է լուծել բոլոր հարցերը»,- եզրափակեց իր խոսքը Դավիթ Թորոսյանը:

Արամ Դավթյանն էլ պատմեց Գոռ Երիցյանի առաջիկա ծրագրերի մասին.

«Գոռը, հավանաբար, չի անցկացնի գոտու պաշտպանության մենամարտ: Չնայած՝ մենք ունենք այդ հնարավորությունը, բայց Գոռի քաշն ու ունակություններն այնքան բարձր են, որ այս գոտին պաշտպանելու համար մենք պետք է մինչև 24 տարեկան արժանի հակառակորդ ունենանք: Ցավոք, այդ քաշում ու այդ տարիքային խմբում աշխարհում դժվար թե գտնվի մի բռնցքամարտիկ, որը կդիմանա Գոռին ու կհամաձայնի մենամարտել՝ այսքան բանը տեսնելուց հետո: Շատ կուզենայի, որ այդ պաշտպանությունը տեղի ունենար, բայց դժվար թե դա հնարավոր լինի:

Քանի որ մենք արդեն ունենք այս գոտին, Գոռի 24 տարեկանն էլ լրացել է, մենք պետք է առաջ շարժվենք: Հաջորդը կլինի արդեն մեծահասակների գոտին, պետք է ձգտենք դրան: Իսկ երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին միշտ կլինի Գոռի հետ:

Նրա հաջորդ մենամարտի մասին հիմա չեմ կարող խոսել: Մի քանի օր կհանգստանանք ամբողջ թիմով, ինչից հետո կսկսենք մտածել հաջորդ մենամարտերի մասին: Դա վերաբերում է նաև Նարեկ Աբգարյանին ու Արամ Ավագյանին: Շուտով կհայտարարենք առաջիկա մենամարտերի մասին»,- եզրափակեց իր խոսքը Արամ Դավթյանը:

Share |

Լրահոս

Loading...