Դավիթ Թորոսյան. Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել եմ իմ ցանկությամբ

16:47 11.02.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հիմք ընդունելով Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ավելի վաղ որոշում էր կայացրել ազատել նրան բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որպեսզի նա զբաղվի միայն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով:

Դավիթ Թորոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսել է այս որոշման մասին.

«Նոր գլխավոր մարզչի մասին մեկնաբանություն չեմ ցանկանում անել:

Դա իրենց անձնական խնդիրն է: Ես դուրս եմ եկել իմ ցանկությամբ: Ներկայացրի իմ ծանրաբեռնվածության աստիճանը, ու այլևս անհնար էր համատեղել պրոֆեսիոնալների աշխատանքը սիրողականների հետ:

Օրինակ, պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնելու առաջարկ ենք ստանում ու շտապ մեկնում ենք Իսպանիա, ԱՄՆ կամ Ռուսաստան: Ես այդ ընթացքում թիմին պետք է թողնեի երկրորդ, երրորդ մարզիչներին, որոնք ի վիճակի չեն թիմը քաշել առաջ: Այդ իսկ պատճառով, նպատակահարմար գտա տեղս զիջել ուրիշին»:

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Դավիթ Թորոսյանին նման որոշման մասին.

«Հասկանում եմ, թե որքան ծանր որոշում էր: Խորին շնորհակալություն եմ հայտնում պարոն Թորոսյանին: Համատեղելու հնարավորություն չկար: Եթե մենք պրոֆեսիոնալ բռնցքամարտին մեծ ուշադրութուն դարձնենք, այստեղ ավելի մեծ արդյունքների կհասնենք»,- ասաց Արամ Դավթյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է:

Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

Share |

Լրահոս