Գոռ Երիցյան. Նայեցի մրցակցիս աչքերին ու հասկացա, որ մենամարտն ավարտված է

14:48 11.02.2019

WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը, որն օրեր առաջ Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հենց առաջին ռաունդում հաղթել էր Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով.

«Դավիթ Թորոսյանի հետ շատ լավ էինք պատրաստվել մենամարտին, ինչպես մեր բոլոր նախորդ մենամարտերին:

8-ռաունդանոց մենամարտ էր, ու մենք դրան պատրաստ էինք: Ոչ մի մենամարտի ընթացքում չեմ մտածում այն ժամանակից շուտ ավարտելու մասին, պարզապես հարվածը ճիշտ ժամանակին հասավ իր նպատակին:

Ճիշտն ասած առաջին հարվածից հետո մտածում էի, որ շուտ կավարտեմ, բայց ոչ այդքան շուտ (ժպտում է): Երկրորդ հարվածից հետո ձեռքս վնասեցի ու հասկացա, որ մրցակիցն այլևս չի կարող կանգնել, քանի որ հարվածը ուժգին էր: Հարվածեցի գլխին ու ձեռքիս վրա զգացի հարվածի ուժգնությունը: Նայեցի նրա աչքերին, ինքն էլ ռինգի հատակին էր ... հասկացա, որ մենամարտը ավարտվում է:

Կցանկանայի, որ մի քիչ ավելի երկար տևեր, քանի որ մեծ աշխատանք էինք կատարել, պատրաստ էի ու ուզում էի ավելի շատ բան ցույց տալ, բայց ինչ արած: Ուրախ եմ շատ, թող բոլոր մենամարտերն այսպես ավարտվեն: Չենք տխրում, շարունակում ենք առաջ գնալ:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա նրա մենամարտերը չկային համացանցում, չէի դիտել ու անգամ տեղյակ չէի, թե նա աջակողմյան թե ձախակողմյան կեցվածքով է, ինչ բռնցքամարտ է դավանում՝ տեխնիկակա՞ն, թե՞ ավելի ուժային... ոչնչից տեղյակ չէի:

Պարզապես պատկերացնում էի: Կարծրատիպ կա, որ մեքսիկա-արգենտինական բռնցքամարտիկները ուժային մենամարտ են վարում, դրան էլ տրամադրվել էի: Բայց ռինգում, երբ մի քանի վայրկյան անցավ, ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար»,- իր խոսքում նշեց Գոռ Երիցյանը:

Share |

Լրահոս

Loading...