WBC Armenia. Հատուկ գոտի՝ աշխարհի ուժեղագույն հայ բռնցքամարտիկներին որոշելու համար

17:49 11.02.2019

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել WBC գործկոմի անդամ և փոխնախագահ Օկսանա Սեմինիշինան, որն էլ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Punch Boxing-ի և WBC-ի՝ իր տեսակի մեջ աննախադեպ համագործակցության մասին.

«Punch Boxing-ն այս պահին International Silver գոտու երկու չեմպիոն ունի՝ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը: Նրանք շատ լավ, հեռանկարային մարզիկներ են ու ես վստահ եմ, որ հետագայում նրանց կարիերան էլ ավելի մեծ աճ կգրանցի:

Իմ այցելության հիմնական նպատակը պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացումն է: Ցանկանում ենք, որ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը աճ գրանցի, որ տղաները սիրողական կարիերայի ավարտից հետո հասկանան, որ կա նաև շարունակություն՝ ի դեմս պրոֆեսիոնալ բռնցքամարտի:

Վաղը նախատեսում ենք մեկնել Գյումրու բռնցքամարտի դպրոց, որտեղ Արամ Դավթանը նախատեսում է բռնցքամարտի ձեռնոցներ նվիրել երեխաներին:

Բացի դա, ես  հույս ունեմ, որ ևս մեկ համատեղ նախագիծ կկարողանանք իրականացնել: Հիմա աշխատում ենք WBC Armenia գոտու ստեղծման ուղղությամբ:Punch Boxing-ը կկազմակերպի այդ մրցաշարը բացառապես հայ բռնցքամարտիկների համար՝ ամբողջ աշխարհից, ու այդ մրցաշարի հաղթողները կհամարվեն նաև WBC վարկածով չեմպիոններ»,- պատմեց Օկսանա Սեմինիշինան:

«WBC-ն իմ ամենասիրելի կազմակերպությունն է, որի հետ վաղուց համագործակցում եմ: Երկար քննարկում էինք, թե ինչպես կարող ենք զարգացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում, ու արդյունքում շատ գրավիչ առաջարկ ստացա WBC-ից: Այն է՝ հավաքել բոլոր հայ բռնցքամարտիկերին ու ստեղծել հատուկ գոտի՝ WBC Armenia»,- շարունակում է Արամ Դավթյանն ու ավելացնում. 

«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի միավորել մեր հայ բռնցքամարտիկներին, նաև նրանց, ովքեր ապրում ու մարզվում են արտերկում: Ինչո՞ւ ոչ: Սա գլոբալ մրցաշար կլինի, որի ընթացքում հնարավոր կլինի պարզել ուժեղագույններին՝ հայ բռնցքամարտիկների շրջանում: Կարելի է ասել՝ աշխարհի առաջնություն հայերի միջև: Իհարկե, այս մրցաշարի իրականացումը ժամանակատար կլինի, բայց նախատեսում ենք եթե ոչ մայիսին, ապա սեպտեմբերին այն կյանքի կոչել»:

Նրա խոսքով իրենք արդեն մոնիթորիգ են անցկացրել, ստացել աշխարհի բոլոր հայ բռնցքամարտիկների տվյալները, ցանկ կազմել՝ ըստ քաշային կարգերի.

«Միակ դժվարությունն այն է, որ բռնցքամարտիկները շատ են, բայց մեկ քաշային կարգում այնքան էլ շատ չեն, այդ իսկ պատճառով մենք կընտրենք մեկ կամ երկու քաշային կարգ ու իրենց շրջանում էլ կխաղարկենք այդ գոտին: Ամենայն հավանականությամբ, կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կկայանան Երևանում:

Հայաստանում վաղուց ենք ցանկանում բռնցքամարտի երեկո անցկացնել, ու հուսով եմ՝ այս անգամ կստացվի: Ընդհանուր առմամբ, 80-ից ավելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ենք հավաքագրել, ովքեր ակտիվ են ,այսինքն նրանց, ովքեր վերջին մեկ տարում մենամարտեր են անցկացրել ու ովքեր սկսնակ են: Ցանկանում ենք ներառել այն բռնցքամարտիկներին, ովքեր իրենց առաջին մենամարտերն են անցկացրել և ցանկանում են ամրապնդվել, ցույց տալ, որ իրենք լավ բռնցքամարտիկներ են:

Հայ բռնքամարտիկները Հայաստանում մենամարտեր անցկացնելու հնարավորություն չունեն, իսկ WBC Armenia-ն մեխանիկորեն կբարձրացնի բռնցքամարտիկների կարգավիճակն ու մակարդակը: Դրանից հետո արդեն նրանց համար ճանապարհ կբացվի դեպի միջազգային հարթակ:

Ի դեպ, պետք է նշեմ, որ պարտադիր չէ, որ բոլոր բռնցքամարտիկները ներկայացնեն Punch Boxing-ը: Մենք կարող ենք կազմակերպել ադ մրցաշարն ու բռնցքամարտիկներին առաջ գնալու հնարավորություն տալ: Ես նպատակ չունեմ բոլորի հետ պայմանագրեր կնքել: Ճիշտ չեմ համարում, որ միայն մեկ կազմակերպությունը զարգացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Ես շատ ուրախ կլինեմ, եթե պրոմոութերական այլ կազմակերպություններ էլ լինեն, որոնք առաջ կտանեն իրենց բռնցքամարտիկներին:

Ես կնախընտրեի բոլոր այդ մենամարտերն անցկացնել Հայաստանում, քանի որ մեր նպատակը պրոֆեսիոնալ բռնցամարտը Հայաստանում զարգացնելն է:

Որոշ ժամանակ առաջ Գյումրում էի, բայց երբ տեսա, թե ինչ պարկերի վրա են մարզվում այդ երեխաները, հասկացա, որ այդ պայմաններում մարզվելը հնարավոր չէ: Նրանք ունեն ձգտում, լավ որակներ, բայց պայմաններն այն չեն: Երկու դպրոցի նվիրեցինք պարկեր, բայց երբ դա արեցինք, տեսանք այլ խնդիրներ:

Ու վաղը նորից մեր ամբողջ թիմով կմեկնենք Գյումրի՝ նվիրելու ձեռնոցներ: Ամեն անգամ կփորձենք ինչ-որ բանով օգնել: Գյումրիի դպրոցում 200 երեխա է մարզվում, նրանց աչքերը վառվում են ցանկությամբ, մոտիվացված են, ու այդ պարկերը, ձեռնոցները նյութական օգնություն չեն հանդիսանում, այլ նախևառաջ՝ հոգեբանական աջակցություն: Երեխաները տեսնում են, որ իրենց գնահատում են, իրենց սպասում են ու պատրաստ են օգնել, որ մարզվեն:

Պարկերը դահլիճում կախելուց հետո երեխաները շատ երջանիկ էին: Ու հենց այդ երեկոն անցկացնելուց հետո երեխաները կտեսնեն, որ այս մարզաձևը չի ավարտվում դպրոցից ու բանակից հետո: Կտեսնեն, որ դրանից հետո ամեն ինչ նոր է սկսվում»:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...