Ի՞նչ է «սպառնում» հայ ֆուտբոլիստներին. Մելենդեսը պատմել է Խուանմիին ու Սուսոյին պատժելու մասին

18:51 12.02.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը լրագրողների հանդիպման ժամանակ հետաքրքիր պատմություն է պատմել Իսպանիայի պատանեկան հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուանմիի և «Միլանի» ներկայիս խաղացող Սուսոյի մասին:

Մելենդեսն ընգծել է, որ հայկական ֆուտբոլ են ներմուծել վարքագծի մոդել.

«Իսպանիայում ֆուտբոլիստները ճաշարանում հաց ուտելուց հետո պետք է իրենց ամանը վերցնեն ու տանեն, սա կրթական համակարգ է: Երբ թիմը նստած է և տեսնում է, որ մտնում է մարզիչը կամ ֆեդերացիայի ղեկավարությունը, պետք է կանգնի:

Հիմա մենք Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստներին տվել ենք վարվելակերպի 10 նորմեր, թե ինչպես պետք է իրենց պահեն, շփվեն լրագրողների հետ և այլն: Որոշ ժամանակ առաջ Հայաստանում իմ թարգմանիչը և օգնականները շրջեցին սենյակներով ու դուրս գրեցին, թե ինչ է սխալ: Որոշ ֆուտբոլիստների ասացինք, որ իրենց խաղակոշիկները սխալ տեղերում են: Այսպես է կառուցվում թիմը:

Պետք է նշեմ նաև, որ Իսպանիայում հավաքների ժամանակ ակումբակիցները միմյանց հետ միևնույն սենյակում չեն ապրում: Օրինակ, նույն սենյակում իրար հետ ապրում են «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, քանի որ շատ կարևոր է, որ նրանք ընկերներ լինեն:

Մի անգամ Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականից երկու ֆուտբոլիստ, որոնք այդ ժամանակ 16 տարեկան էին, միջանցքում զրուցում էին, բայց նրանք այդ ժամանակ պետք է լինեին իրենց սենյակներում: Այդ երկու ֆուտբոլիստները լավագույններից էին, ես էի թիմի մարզիչն ու պետք է խաղայինք Եվրոպայի առաջնության եզրափակչում: Ներողություն խնդրեցին, բայց ես նրանց թույլ չտվեցի որ մասնակցեն եզրափակչին` ֆեդերացիայի ու նաև անձամբ իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Կարևոր է, որ ֆուտբոլիստները հարգեն այն գերբը, որի համար խաղում են:

Գնացինք Լիխտենշտեյն ու մասնակցեցինք եզրափակչին, սակայն պարտվեցինք Անգլիային: Եթե նրանք լինեին, կհաղթեինք: Մեկը Խուանմին էր, որը հիմա հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», իսկ մյուսը՝ Սուսոն, «Միլանից»: Ամիսներ անց, տարածաշրջանի առաջնության ժամանակ նրանք հյուրանոցում տեսան ինձ, մոտեցան և ասացին՝ Դուք մեզ զրկեցիք արծաթե մեդալից: Ես էլ ասացի՝ ոչ, այդ դուք ձեզ զրկեցիք այդ մեդալներից: Ամեն դեպքում, նրանք ասացին, որ իրենց ստիպել եմ ավելի լավ մարդ դառնալ ու մտածել: Գրկախառնվեցինք: Այդ ժեստի համար նրանց թույլ տվեցի հաջորդ շաբաթ մասնակցել Մ19 տարեկանների առաջնությանը: 6 ամիս անց հաղթեցինք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:

Մեկ այլ օրինակ: Ինիեստան Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթական գոլ խփելուց հետո բարձրացրեց մարզաշապիկը, որի վրա գրված էր. «Այս գոլը նվիրվում է Դանի Խարկեին»: Նա կարող էր այդ գոլը նվիրել կնոջը, դստերը, ծնողներին, բայց ոչ`նա այդ գոլը նվիրեց իր մահացած թիմակցին, որի հետ հանդես էր գալիս 15 տարեկանների հավաքականից: Մեկը «Բարսելոնայից» էր, մյուսը՝ «Էսպանյոլից». թշնամի թիմերից: Նրանք նույն սենյակում էին իրար հետ ապրում: Ինիեստային հարցրել եմ, թե ինչու նա նման բան արեց: Ասաց, որովհետև իմ թիմակիցն էր, իմ ընկերը: Սա այն վարքագիծն է, որը պետք է ունենա ֆուտբոլիստը»,- իր խոսքում նշել է Խինես Մելենդեսը:

Share |

Լրահոս

Loading...