Հովհաննես Հովսեփյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական բռնցքամարտը վերադառնա իր նախկին բարձր դիրքին

12:53 12.02.2019

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը խոսել է բռնցքամարտում առկա խնդիրների, վերջին ամիսների ընթացքում կատարած աշխատանքի, առաջիկա ծրագրերի մասին և անդրադարձել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հեռացման խնդրին:

«Մենք ուսումնասիրում ենք հայկական բռնցքամարտում առկա խնդիրները և աստիճանաբար լուծում ենք տալիս բոլոր խնդիրներին:

Մենք սկսել ենք մեր մարզիկների ու մարզիչների աշխատավարձերից, նաև փորձում ենք լուծել մեր բռնցքամարտիկների միջազգային ռինգերում փորձ ձեռք բերելու հարցը: Հայաստանը նույն քաշային կարգում չունի շատ բռնցքամարտիկներ, մինչդեռ բարձր մակարդակի բռնցքամարտիկ դառնալու համար հնարավորինս շատ մենամարտեր են հարկավոր, իսկ միջազգային հավաքներն ու մրցաշարերը մեր բռնցքամարտիկներին հնարավորություն են տալիս փորձ ձեռք բերելու և կատարելագործելու իրենց որակները:

Մենք նախորդ տարվա դեկտեմբերին մեկ ուսումնամարզական հավաքի և միջազգային մրցաշարի մասնակցեցինք Ռոստովում: Ի դեպ, արդեն նկատելի է, որ Ռոստովի ուսումնամարզական հավաքն ու միջազգային մրցաշարը մեր տղաների վրա դրական ազդեցություն են ունեցել:

Մեր մարզիչները հենց ռինգում լավ ուսումնասիրել էին իրենց սաներին և լրջորեն աշխատել են սխալների վրա: Մոտ ժամանակներս նախատեսում ենք ևս մեկ այդպիսի հավաք ու մրցաշար: Ունենք մի քանի տարբերակ, մարզիչների հետ կքննարկենք, թե որն ավելի մեծ օգուտ կտա մեզ, և կընտրենք լավագույնը»,- ասել է Հովսեփյանը:

Հովհաննես Հովսեփյանը նշել է, որ ֆեդերացիայի սաները մասնակցելու են Հայաստանի երիտաասարդական առաջնությանը.

«Մեր ֆեդերացիայի սաները կմասնակցեն Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Տղաները զգացին արդարությունը, քանի որ կա ԱԻԲԱ-ի որոշումը և լինելու են բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ: Մեր տղաները պատրաստ են մասնակցելու և արժանի պայքար մղելու:

Նախորդ անգամ չմասնակցելով՝ բռնցքամարտիկները այդ կերպ իրենց բողոքը հայտնեցին ֆեդերացիայի սխալ ղեկավարման վերաբերյալ»:

Անդրադառնալով Դավիթ Թորոսյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուն՝ Հովսեփյանը նշել է հետևյալը.

«Դավիթ Թորոսյանի հեռացումը սպասելի էր: Մենք բազմիցս նշում էինք, որ իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչը աչքաթող անել ազգային հավաքականն ու ուշադրությունը կենտրոնացնել պրոֆեսիոնալների վրա: Բայց աբսուրդայինն այն է , որ միայն, երբ տեղեկացան, որ պետք է լինի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ, միայն այդ ժամանակ Դավիթ Թորոսյանին հեռացրեցին:

Ոչ ոք չի ասում, որ Թորոյանը վատ մարզիչ է, բայց անթույլատրելի է, երբ հավաքականի գլխավոր մարզիչը թիմի հետ չի կարևոր պահերին: Տեսեք, մեր հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացնում, բայց Թորոսյանը պրոֆեսիոնալների հետ մեկնել էր այլ մրցաշարի. տղաները միջազգային մրցաշարի էին մեկնել Խանտի Մանսիյսկ, ու կրկին Թորոսյանը նրանց հետ չէր, որովհետև պրոֆեսիոնալների հետ մեկ այլ մրցաշարի էր մեկնել: Սա չէր կարող անհետևանք մնալ: Դա նաև հոգեբանորեն է անդրադառնում բռնցքամարտիկների վրա:

Մենք կատարում ենք մեր խոստումները: Արդեն գնել ենք ավտոբուս, որը մեր տղաներին հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանում տեղաշարժվելու, այլև տարբեր երկրներ մեկնելու: Մենք արդեն ամիսներ շարունակ լուծում ենք բռնցքամարտիկների աշխատավարձերի հարցը՝ չնայելով նրան, թե ընտրություններն անցկացվել են, ես ըտրվել եմ, թե ոչ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական բռնցքամարտը վերադառնա իր նախկին բարձր դիրքին:

Աշխատելու ենք նոր մեթոդով, ուսումնասիրելու ենք բոլոր խնդիրները: Արդեն իսկ աշխատանքներ ենք տանում մարզերի մարզադպրոցների հետ, փորձում ենք հասկանալ ինչ խնդիր, ինչի կարիք ունեն, որպեսզի կարգավորենք դրանք: Մենք դա անում ենք անշահախնդիր, այլ ոչ թե մյուս ֆեդերացիայի պես: Նրանք տեսան, որ նոր ընտրություններ են լինելու սկսեցին տանձիկներ բաժանել:

Ոչ, մենք այդ սկզբունքով չենք աշխատելու, մենք ուրիշ մոտեցում ենք ցուցաբերելու ու հավասարություն ենք դնելու բոլոր մարզադպրոցների միջև: Իսկ հավաքականին ցուցաբերելու ենք առանձնակի ուշադրություն: Մեր ընտրանում լինելու է ոչ թե 2 մարզիչ, այլ 3-4, ինչը կա նաև միջազգային փորձում»,- ասել է Հովսեփյանը:

Share |

Լրահոս