ՉԼ. Սուլշերի մարտահրավերը, Ռոմայի «տխուր» վիճակագրությունը. օրվա խաղերի անոնս

18:29 12.02.2019

Փետրվարի 12-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը: Այսօր կայանալու է երկու հանդիպում. «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Պարի Սեն Ժերմենին», իսկ «Ռոման»՝ «Պորտուին»:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ

Մարզադաշտը՝ «Օլդ Թրաֆորդ» (Մանչեսթեր) 

Հանդիպման մրցավարը՝ Դանիելե Օրսատո (Իտալիա) 

Խաղի մեկնարկը՝ 23:55-ին

Ուղիղ հեռարձակումը՝ «Արմենիա TV», «Матч! Футбол 3»


Երբ ընթանում էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, Ուլե Գունար Սուլշերը Նորվեգիայի իր տանն էր և չէր էլ ենթադրում, որ ՄՅՈւ-ին ինքն է պատրաստելու ՊՍԺ-ի հետ դիմակայությանը:

«Երբ կայացավ վիճակահանությունը, ես մտածեցի. «Այ քեզ մարտահրավեր ՄՅՈւ-ի համար»: Այժմ սա իմ մարտահրավերն է»,- նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սուլշերը:

Նախախաղյա փաստեր

«Մանչեսթեր Յունայթեդը» 11-րդ անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում (6 հաղթանակ, 4 պարտություն): Ընդհանուր առմամբ, սա ՄՅՈւ-ի 18-րդ մասնակցությունն է ՉԼ-ի փլեյ-օֆֆին (մրցաշարի նախկին ձևաչափերը ներառյալ):

«Կարմիր սատանաները» ֆրանսիական թիմերի հետ եվրագավաթներում 7 երկախաղյա դիմակայությունն են ունեցել, որոնցից 6-ում հաղթել են: Այդ դիմակայություններում միակ պարտությունը գրանցվել է 1997-98թթ. մրցաշրջանի 1/4 եզրափակչում, «Մոնակոյից»: Մոնակոյում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Մանչեսթերում գրանցվել է 1:1 հաշիվը, և ՄՅՈւ-ի միակ գոլը խփել է Ուլե Գունար Սուլշերը:

Սուլշերի համար սա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում մարզչի կարգավիճակով առաջին հանդիպումն է: «Մոլդեն» գլխավորելու շրջանում Սուլշերը մրցաշարի որակավորման փուլում 8 հանդիպում է անցկացրել (3 պարտություն, 4 ոչ-ոքի, 1 պարտություն):

Փարիզյան թիմը Չեմպիոնների լիգայում հանդես է գալիս 7-րդ մրցաշրջանն անընդմեջ և կանոնավոր դուրս է գալիս փլեյ-օֆֆ: Ընդ որում, այս ընթացքում ՊՍԺ-ին չի հաջողվել կրկնել իր լավագույն արդյունքը՝ դուրս գալ կիսաեզրափակիչ:

ՊՍԺ-ն եվրագավաթների շրջանակում անգլիական թիմերի հետ 6 երկխաղյա դիմակայություններից հաղթել է 3-ում: Վերջին նման դիմակայությունը կայացել է 2015-16թթ. մրցաշրջանում, երբ ՊՍԺ-ն զիջեց «Մանչեսթեր Սիթիին». 2:2 տանը, և նվազագույն հաշվով պարտություն պատասխան խաղում:

Մարզիչների նախախաղյա մեկնաբանությունները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշեր. «Առաջիկա խաղերում պետք է ուժեղ մրցակցի հանդիպենք: Շատ առաջ չենք շտապում, քանի որ այդ դեպքում կենտրոնացումը թուլանում է: Ե՛վ երկրպագուները, և՛ ֆուտբոլիստներն անհամբերությամբ սպասել են ՊՍԺ-ի դեմ խաղին: Չեմպիոնների լիգայի խաղերը յուրահատուկ են: Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները վստահ սկսեն այդ խաղը և հաղթեն այն: Յուրաքանչյուր թիմ, որը կորցնում է առանցքային ֆուտբոլիստներին, զգում է, թե մրցակցին առավելություն է տալիս:

Կարող եմ ասել, որ այդ պատճառով ՊՍԺ-ի խաղն անկանխատեսելի է դառնալու: Ենթադրում ենք, թե նրանք ինչ մարտավարությամբ դուրս կգան խաղադաշտ: Լավ մարզավիճակում ենք և զգում ենք, որ լավ հնարավորություն ունենք: Վստահ ենք մեր ուժերին և գործում ենք միասնական թիմի պես»:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխել. «Սուլշերի ազդեցությունը զգացվում է: Ինչպես մենք ասում ենք Գերմանիայում, եթե դու գնում ես բժշկի և նա քեզ բուժում է, նշանակում է, որ նա ամեն ինչ ճիշտ է արել: Սուլշերը շատ հանդիպումներ է հաղթել, այդ պատճառով կարելի է վստահ ասել, որ նա ամեն ինչ ճիշտ է անում:

Երբ նա ֆուտբոլիստ էր, բավականին վտանգավոր էր և հաղթանակներ էր պարգևում ՄՅՈւ-ին: Հիմա նա դա անում է որպես մարզիչ: Խմբային փուլի ավարտից հետո ՊՍԺ-ն լավ մարզավիճակում էր, հիմա իրավիճակն այլ է: «Օլդ Թրաֆորդում» հնարավորությունները հավասար են: Պատասխան հանդիպումն անցկացնելու ենք տանը, իսկ մենք մեզ վստահ ենք զգում «Փարկ դե Պրենսում»: Մբապեի խնդիրը Կավանիին և Նեյմարին փոխարինելը չէ: Նա պետք է կենտրոնանա իր խաղի վրա:


Հավանական մեկնարկային կազմեր.

«Մանչեսթեր Յունայթեդ» - Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Բալի, Շոու, Մատիչ, Էրերա, Պոգբա, Մարսիալ, Լինգարդ, Ռեշֆորդ:

ՊՍԺ - Բուֆֆոն, Կերեր, Սիլվա, Կիմպեմբե, Բերնատ, Մարկինյոս, Վերատի, Ալվեշ, Դրաքսլեր, Դի Մարիա, Մբապե:


Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռոմա»-«Պորտու»

Մարզադաշտը՝ «Օլիմպիկո» (Իտալիա) 

Հանդիպման մրցավարը՝ Դանի Մակելի (Հոլանդիա) 

Խաղի մեկնարկը՝ 23:55-ին

Ուղիղ հեռարձակումը՝ «Արմենիա Premium», «Матч! Футбол 1»


Նախախաղյա փաստեր

Եվրագավաթների շրջանակում «Ռոման» երբեք չի հաղթել «Պորտուին»՝ 2 պարտություն, 2 ոչ-ոքի: Թիմերը նախկինում հանդիպել են Չեմպիոնների լիգայի 1981-1982թթ. և 2016-17թթ. մրցաշրջաններում: 

«Պորտուն» հաղթել է իտալական թիմերի դեմ վերջին 7 արտագնա խաղերից 6-ում: Միակ բացառությունը գրանցվել է 1996 թվականին, երբ 2:3 հաշվով զիջել է «Միլանին»:

2004 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուց հետո «Պորտուն» միայն երկու անգամ է հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլի արգելքը՝ 2008-09թթ. և 2014-15թթ. մրցաշրջաններում:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Պորտուի» մասնակցությամբ խաղերում 8 անգամ 11-մետրանոց տուգանային է նշանակվել (4 անգամ «Պորտուի» դարպասը, 4 անգամ «Պորտուի» մրցակիցների):

Մարզիչների նախախաղյա մեկնաբանությունները.

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկո. «Յուրաքանչյուր հնարավորություն կարևոր է, հատկապես երբ խոսքը գնում է Չեմպիոնների լիգայի մասին: Մրցաշարում մնացել են երկու իտալական ակումբներ, և մենք հպարտ ենք, որ երկուսից մեկը «Ռոման» է: Մենք պետք է մեր առջև բարձր նպատակներ դնենք»: 

«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաու. «Մեզ գումար են վճարում ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ դրանք լուծելու համար: Վնասվածքները ֆուտբոլի մասն են կազմում: Մեր պայքարը տևելու է 180 րոպե: Պետք է պայքարել՝ չկորցնելով գիտակցությունը: Շատ կարևոր է մնալ ուժեղ և կայուն: Մենք պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը: Մեր նպատակն է դուրս գալ ՉԼ-ի կիսաեզրափակիչ»:


Հավանական մեկնարկային կազմեր.

«Ռոմա» - Միրանտե, Կարսդորպ, Մարկանո, Ժեզուս, Կոլարով, Ձանյոլո, Ն՛Զոնզի, Կրիստանտե, Էլ Շարավի, Ջեկո, Կլյուվերտ:

«Պորտու» - Կասիլյաս, Միլիտաո, Ֆելիպե, Պեպե, Տելես, Պերեյրա, Տորես, Էրերա, Օտավիո, Սոարեշ, Բրահիմի:

 

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի, Sky Sports-ի:

Share |

Լրահոս