Դժվար է նույն ոգով խաղալը, երբ 17 տարեկանում չի կայանում տեղափոխությունդ Լա Լիգա կամ Բունդեսլիգա. Վիուլեն Այվազյան

15:53 23.02.2019

17-18 տարեկանում ունենալ հստակ առաջարկ, բայց այդպես էլ չհայտնվել «Էսպանյոլում», Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», «Սելթիկում» կամ գոնե «Լուդոգորեցում»... Իսկ 24 տարեկանում հանդարտ ձայնով, անկեղծորեն պատմել այդ ամենի մասին:

Champions.am-ը ներկայացնում է «Փյունիկի», «Շիրակի», Երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ հարցազրույցն իր կարիերայի խոչընդոտների մասին:

- Վիուլեն, քո պրոֆեսիոնալ կարիերան սկսվեց Գյումրու մարզադպրոցի թիմում «Փյունիկի» դեմ փայլուն խաղից: Պատմիր հետագա զարգացումների մասին:

- Այո, դա շատ վաղ տարիքում էր: 2008 թվականին տեղափոխվեցի «Փյունիկ»: Խաղում էի մանկապատանեկան թիմում: Հետո տեղափոխվեցի առաջին թիմ, այնուհետ՝ Առաջին լիգա: Անցումները շատ արագ ստացվեցին: Երկու տարի անց արդեն խաղում էի Առաջին լիգայում: Այն ժամանակվա Առաջին լիգան շատ էր տարբերվում ներկայիս լիգայից: Այն ժամանակ Հայաստանում շատ ավելի բարձրակարգ լեգեոներներ էին խաղում, ու շատ դժվար էր Առաջին լիգայում խաղալը: «Փյունիկ-3»-ից ու «Փյունիկ-2»-ից հետո՝ 17 տարեկանում արդեն սկսեցի խաղալ հիմնական թիմում:

- Նորամուտդ Բարձրագույն խմբում շատ հաջող ստացվեց. հաղթական գոլի հեղինակ դարձար: 17 տարեկանում նման նորամուտ ունենալն ի՞նչ իմպուլսներ տվեց քեզ հետագա կարիերայի համար:

- Ընդհանրապես այդ ժամանակ զգացողությունները երկակի էին: Չէի սպասում, որ ամեն ինչ միանգամից այդքան լավ կդասավորվեր, բայց առաջին ու երկրորդ խաղերում գոլ հեղինակեցի, թիմը շատ լավ էր հանդես գալիս, մենք հաղթանակներ էինք տանում: Սկսեցի հիմնական կազմում բավարար խաղաժամանակ ստանալ, գոլեր խփել: Նույնիսկ ժամանակահատված եղավ, երբ գլխավորում էի ռմբարկուների ցուցակը: Այդ ժամանակ սկսվեցին եվրոպական ակումբներից ինձնով հետաքրքրվածությունը, առաջարկները, զանգերը…

- 2012/13 մրցաշրջանի ընթացքում իսպանական մի բլոգ քո մասին գրել էր՝ «Հայկական Ռոնալդու»: Ըստ քեզ, ի՞նչը խանգարեց, կամ ո՞ւմ միտքն էր, որ պետք է չտեղափոխվես արտասահմանյան ակումբ:

- Այո, ճիշտ է, եղել էին նման հրապարակումներ, ոչ միայն մի բլոգում: Ինձ ավելի ուշ են ցույց տվել, նաև հոլանդական կայք էր անդրադարձել ինձ: Հենց 17 տարեկանում առաջարկ եղավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Իսպանական «Էսպանյոլն» էլ տեղափոխության վերաբերյալ կոնկրետ առաջարկ արեց, իրենց ներկայացուցիչը ժամանեց Երևան, սկսեց բանակցել թիմի հետ: Պատրաստ էին տրանսֆերի համար մինչև 400 հազար դոլար գումար առաջարկել, բայց «Փյունիկի» այն ժամանակվա ղեկավարությունը խոչընդոտեց, տեղափոխությունը չկայացավ: Ինձ վրա դա չազդեց այդքան: Ճիշտ է, շատ դժվար է կրկին նույն եռանդով խաղալը, երբ 17 տարեկանում քեզ առաջարկում են տեղափոխվել Գերմանիայի Բունդեսլիգա կամ իսպանական Լա Լիգա, բայց տեղափոխությունը չի կայանում: Ես ինքս ինձ համոզեցի, որ դա ամենավերջին առաջարկը չէր, որ դեռ էլի լինելու են առաջարկներ, ու պետք է նոր ավյունով շարունակել:

- «Փյունիկի» այն ժամանակվա ղեկավարությունը տարիներ առաջ պատանի Մանուչարյանին էր «Այաքս» ուղարկել: Միգուցե չէին ուզում շտապել, փորձում էին կանխել նույն սխալի կրկնությունը:

- Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ իմ պարագայում որն էր պատճառը: Հնարավոր է՝ տրանսֆերային առաջարկներն ու ակումբի պահանջները չէին համընկնում: Հնարավոր է՝ ուզում էին ավելի մեծ տարիքում բաց թողնել ինձ: Փաստն այն է, որ կոնկրետ առաջարկները կային: Նույնիսկ դրանցից հետո էլ երկու-երեք անգամ եղան առաջարկներ, հոլանդական «Տվենտեից» ու Ուկրաինայից գործակալներ ու ակումբի ներկայացուցիչներ կապվում էին միանգամից ինձ հետ, ասում, որ հետաքրքրված են, ու եթե կարող եմ՝ բանակցեմ ակումբի հետ տեղափոխության շուրջ: Բայց ես արդեն հասկացել էի, որ իմաստ չկա, քանի որ այդ պահին ոչ ոք չէր պատրաստվում ինձ բաց թողնել «Փյունիկից»: Այդ պատճառով այնպես ստացվեց, որ այդ տարիքում մնացի Հայաստանում ու շարունակեցի խաղալ այստեղ:

- Ի՞նչն էր քեզ մոտիվացնում՝ նման հանգամանքներում շարունակել նույն ոգով խաղալ ու հաջողություններ գրանցել: Հենց 2013-ին դարձար եվրագավաթներում գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:

- Ընդհանրապես, մոտիվացիա կարող ես ամեն ինչում գտնել, անգամ ֆուտբոլից դուրս ամեն ինչ կարող է մոտիվացնել քեզ: Ես զգում էի, որ իմ մեջ կա այդ պոտենցիալը, ու ես կարող եմ մեծ ցանկության ու աշխատասիրության դեպքում նորից առաջարկներ ստանալ, և հուսով էի, որ մի օր բախտը կժպտա, ինձ բաց կթողնեն ու ես կգնամ ավելի բարձրակարգ ակումբ: Եվրագավաթային խաղերից հետո, հատկապես «Ժալգիրիսի» հետ պատասխան խաղից հետո, հեռախոսս չէր անջատվում. բուլղարական «Լուդոգորեցից», շոտլանդական «Սելթիկից» առաջարկներ կային: Բայց քանի որ ունեի գործող պայմանագիր, այդ ամենը պետք էր համաձայնեցնել «Փյունիկի» հետ: Հետո ես տարբեր գործակալներից իմացա, որ մի ակումբի մերժել էին՝ ասելով, որ չեն ուզում ինձ բաց թողնել, մեկ ուրիշին ընդհանրապես չէին պատասխանել:

- Ակումբի ղեկավարության հետ փորձե՞լ ես պարզաբանել, թե ինչու են խոչընդոտում քո առաջխաղացմանը:

- Հենց ղեկավարության հետ չեմ զրուցել, ուղղակի այդ առաջարկներից հետո հարցրել եմ, թե ինչն է պատճառը: Իրենք ասել են, որ շուտ է և 1-2 տարի հետո, հարմար առաջարկներ ստանալու դեպքում նոր կարելի է մտածել այդ մասին:

- 2014-15 թվականներին հայկական ֆուտբոլում, հատկապես «Փյունիկում» առեղծվածային բաներ էին կատարվում։ Հեռանկարային շատ ֆուտբոլիստներ անհասկանալի ձևով «անհետանում» էին դաշտից։ Ի՞նչ էր կատարվում իրականում։

- Այդ ժամանակ, երբ ֆուտբոլիստներից շատերը սկսել էին առեղծվածային ձևով «անհետանալ», ես արդեն ակումբում չէի։ Ըստ էության, նման անհասկանալի ձևով էլ ես դուրս մնացի «Փյունիկից»։ Մի օր ուղղակի եկան ու ասացին, որ ես այլևս ակումբում չեմ։ Ասացի` լավ, եթե այդպես եք որոշել։ Հաջորդ օրը զանգեցին ու ասացին, որ «Բանանց» տեղափոխվելու հնարավորություն կա։ Ես մերժեցի այդ տարբերակը։ Այդ ժամանակ ուզում էի «Փյունիկում» շարունակել։ Եթե պետք է «Բանանցում» խաղայի, ուրեմն ավելի լավ էր տեղափոխվեի «Շիրակ»։ Դրանից հետո ինչ-որ անհասկանալի խնդիրներ ի հայտ եկան. չնայած, որ պայմանագրիս ժամկետը «Փյունիկի» հետ ավարտվել էր, ակումբը տրանսֆերային բարդություններ էր ստեղծում։ Ես մոտ 1 տարի ֆուտբոլ չխաղացի։ Մարզվում էի «Շիրակի» հետ, բայց այդ ժամանակահատվածն ինձ համար շատ բարդ էր, քանի որ, ամեն օր մարզվելով, ես չգիտեի անգամ` ինձ նորից խաղալու հնարավորություն ընձեռնվելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ։ Այնպես ստացվեց, որ «Շիրակն» ինձ համար հրաժարագին վճարեց, ու 2015-ին պաշտոնապես տեղափոխվեցի։

- «Շիրակում» առանցքային ու սիրված խաղացող էիր դարձել, բայց այնտեղ կարիերադ անփառունակ ավարտ ունեցավ։ Ի՞նչ էր կատարվել իրականում։

- Երբ ես տեղափոխվեցի «Շիրակ», թիմում շատ լեգեոներներ կային, մրցակցություն էր ֆուտբոլիստների մեջ։ 2016-ին ամեն ինչ շատ լավ էր դասավորվում. ես գոլեր էի խփում, թիմը հաղթում էր, առաջին տեղով էինք ընթանում առաջին կեսից հետո, ես էլ առաջնության 2-րդ, թե 3-րդ ռմբարկուն էի։ Ձմեռային դադարից հետո թիմում մի քանի փոփոխություն եղավ։ Գարնանային հատվածում անհասկանալի պատճառով սկսեցի ավելի քիչ խաղաժամանակ ստանալ, եղան խաղեր, որոնցում ընդհանրապես կազմում չհայտնվեցի։ Բայց մարզվում էի ու սպասում իմ շանսին։ Մի քանի խաղ հետո կրկին հնարավորություն ստացա ու 2-3 խաղ անընդմեջ գոլ խփեցի։ Ճիշտ է, առաջնությունը շատ վատ ավարտեցինք, քանի որ սպասելիքները շատ մեծ էին, բոլորը սպասում էին, որ չեմպիոն ենք դառնալու, բայց չստացվեց։

- Հարցազրույցներիցդ մեկում «Շիրակից» հեռանալը պատճառաբանել էիր թիմում սերնդափոխությամբ, մեկ ուրիշում ասել էիր, թե ցանկանում էիր քեզ այլ առաջնությունում փորձել։ Ըստ էության, հեռացել էիր առանց որևէ առաջարկ ունենալու: Ակնհայտ է, որ ինչ-որ խնդիր կար։ Որտեղի՞ց սկսվեցին հեռանկարային ֆուտբոլիստի կարիերայում անհաջողություններն ու չգնահատվածությունը։

- Ֆուտբոլիստների կյանքում այսպես է՝ տպավորություն է, թե ամեն ինչ քեզնից է կախված, բայց իրականում դա այդպես չէ, չնայած, պետք է այդպես լինի: Դու քո խաղով պետք է ստանաս տեղդ հիմնական կազմում, պետք է խաղիդ համար պատասխան տաս, երբ գտնվում ես պահեստայինների նստարանին: Բայց երբ ֆուտբոլիստը գոլ է խփում 2-3 խաղ անընդմեջ, թիմին օգնում է դուրս գալ գավաթի եզրափակիչ ու այդ խաղում ստանում է 10-15 րոպե խաղաժամանակ… Հիմնականում այդ խաղից հետո ես որոշեցի, որ չպետք է մնամ թիմում: «Փյունիկի» դեմ շատ կարևոր խաղ էր, սկաուտներ կային, որոնք եկել էին իմ խաղը նայելու, բայց ես ընդամենը 15 րոպե խաղաժամանակ ստացա: Ճիշտ է՝ հաղթեցինք, բայց որոշեցի, որ չեմ մնա թիմում:

«Շիրակից» հեռանալը նույնպես շատ դժվար ստացվեց. գործող պայմանագիր ունեի, թիմը չէր ուզում ինձ բաց թողնել, ես էլ չէի ուզում մնալ թիմում: Առհասարակ, ովքեր չէին ուզում մնալ թիմում, նրանց հանգիստ բաց էին թողնում, բայց իմ դեպքում չէին ուզում, կամ ինչ-որ պայմանների դիմաց էին ուզում բաց թողնել: Տեղափոխությունս իսկապես շատ դժվար եղավ: Ճիշտ եք, դեռ ոչ մի հստակ առաջարկ չունեի: Պայմանագիրը խզելուց հետո առաջարկներ ստացա Ուզբեկստանից ու Լատվիայից: Ես մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի տեղափոխվել Եվրոպա, քան Ասիա, քանի որ այնտեղից ավելի հեշտ կլիներ տեղափոխվել եվրոպական միջինից բարձր մակարդակի առաջնություն:

-

- Վերջին տարիներին քո հարցազրույցներում պարբերաբար ասել ես, որ քո հիմնական նպատակը ֆուտբոլում Ազգային հավաքականն է: Դա շարունակո՞ւմ է մնալ քո բարձրագույն նպատակը:

- Այո: Ես իսկապես ուզում եմ օգուտ տալ հավաքականին: Ես շատ ցավալի եմ տանում մեր հավաքականի անհաջողությունները: Անգամ եթե դու հավաքականի մասը չես, միևնույնն է, այն քո հավաքականն է, քո ազգն է ներկայացնում միջազգային ասպարեզում: Այո, ես ուզում եմ իմ լուման ներդնել Հայաստանի Ազգային հավաքականում և իմ խաղով կարողանամ օգուտ տալ:

- Մեր երիտասարդական ֆուտբոլում նկատո՞ւմ ես այնպիսի խաղացողների, ովքեր Հենրիխի հաջողությունների գոնե մի մասը կկարողանան կրկնել:

- Անկեղծ, չեմ տեսնում: Իմ կարծիքով, Հենրիխի պոտենցիալն ունեցող մեկ այլ ֆուտբոլիստ այս պահին Հայաստանում չկա:

- Իսկ նրա ֆենոմենը ո՞րն է:

- Հենրիխի համար ֆուտբոլում մանրուքներ չկան, ամեն ինչ կարևոր է: Նա ամբողջությամբ նվիրվել է ֆուտբոլին ու ապրում է ֆուտբոլով: Հա իր հետքն է թողել բոլոր այն առաջնություններում, որտեղ խաղացել է: Մենք շատ ենք շփվում, ինձ շատ է օգնում խորհուրդներով, իր փորձից է որոշ բաներ փոխանցում ինձ: Ճիշտ է, կա նաև բախտի գործոնը. հաջողությունն էլ պետք է ուղեկցի, թեկուզ՝ ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հանդիպելու տեսքով:

- Դու դեռ բավականին խոստումնալից տարիքում ես ու կարող ես փոխել կարիերայիդ ընթացքը: Ի՞նչ ջանքեր ես գործադրում, ի՞նչ որակներ ես փորձում քո մեջ զարգացնել, որ կարիերադ, միևնույնն է, լավ ընթացք ունենա:

- Ես մտածում եմ, որ կյանքում ոչինչ պետք չէ փոխել: Ես շարունակելու եմ նույն ձևով ապրել ֆուտբոլի համար ու նվիրված մնալ, քանի որ դա է ճիշտ ճանապարհը: Հույս ունեմ ու համոզված եմ, որ ֆուտբոլն էլ կփոխհատուցի:

- Այնուամենայնիվ, եթե հնարավորություն ունենայիր, կարիերայումդ ի՞նչը կփոխեիր:

- (Երկար մտածում է՝ հեղ.) Երևի ոչ մի բան: Այն ամենը, ինչ կուզեի՝ փոխվեր, որ ամեն բան շատ ավելի լավ դասավորվեր, իմ ձեռքում չի եղել: Ես միայնակ չէի կարող փոխել այդ ամեն ինչը:


Վիուլեն Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Հարցազրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի

Share |

Լրահոս

Loading...