Շավիշը ջախջախիչ պարտություն է կրել Բենֆիկայից. Ղազարյանը չի մասնակցել խաղին

11:48 26.02.2019

Պորտուգալիայի առաջնության 23-րդ տուրում «Բենֆիկան» սեփական հարկի տակ ընդունել է «Շավիշին»: Հանդիպումը կայացել է Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում և ավարտվել տանտերերի` 4:0 հաշվով հաղթանակով:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը «Շավիշի» կազմում հայտավորված է եղել այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:

Հայ ֆուտբոլիստը տևական ժամանակ վերականգնվում էր վնասվածքից ու խաղադաշտ վերադարձավ փետրվարի 17-ի` «Բոավիշտայի» հետ խաղում` փոխարինման մտնելով 71-րդ րոպեին:

Նշենք` «Բենֆիկայի» կազմում գոլեր են հեղինակել կիսապաշտպան Ռաֆայել Սիլվան (19՛), հարձակվողներ Ժոաու Սեկեյրան (37՛), Հարիս Սեֆերովիչն (43՛) ու Ժոնասը (90՛):

Այս հաղթանակից հետո «Բենֆիկան» իր միավորների թիվը հասցրել է 56-ի և զբաղեցնում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Պորտուին» զիջելով մեկ միավոր: «Շավիշը» (19) գտնվում է վտանգավոր գոտում` 17-րդ հորիզոնականում:

Share |

Լրահոս

Loading...