Արսենալի գրոհների բանալին. միջազգային մամուլի անդրադարձը Մխիթարյանի փայլուն խաղին

12:43 28.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց «Բորնմութի» նկատմամբ:

«Զինագործների» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի ավագի փայլուն խաղը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնից:

BBC-ն «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մխիթարյանին: Պարբերականը 30-ամյա ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ գրել է հետևյալը.

«Մխիթարյանը սուր էր գործում: Նա «Բորնմութի» համար անընդհատ վտանգ էր ստեղծում, ինչպես 3 օր առաջ «Սաութհեմփթոնի» հետ խաղում: Մխիթարյանը դարձել է «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, որը 2015 թվականի փետրվարից հետո Պրեմիեր լիգայի երկու խաղում անընդմեջ դառնում է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջինը նման արդյուք գրանցել էր Սանտի Կասորլան: Մխիթարյանը ծափահարությունների ներքո փոխարինվեց 64-րդ րոպեին, քանի որ առջևում «Տոտենհեմի» հետ հանդիպումն է»:

Sky Sports-ը ևս ընդգծում է, որ Մխիթարյանը սրություն էր հաղորդում «Արսենալի» խաղին, սակայն ըստ պարբերականի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մեսութ Օզիլն է: Sky Sports-ն Օզիլի խաղը գնահատել է 8 միավորով: Նույն գնահատական են ստացել նաև Մխիթարյանը, Կոլաշինացը և Օբամեյանգը:

Standard-ը գրում է, որ Մխիթարյանը վերգտնում է լավագույն մարզավիճակը.

«Մխիթարյանն ու Օզիլը վարպետության դաս էին կազմակերպել «Էմիրեյթսում»: Նրանք «զանգվածային անկարգություններ» էին կատարում խաղադաշտում: Հայ ֆուտբոլիստը մրցաշրջանի զգալի հատվածում փորձում էր վերականգնել իր լավագույն մարզավիճակը, բայց «Սաութհեմփթոնի» հետ նախորդ խաղից հետո նա կարողացավ ևս մեկ հիանալի հանդիպում անցկացնել:

Գոլն ու գոլային փոխանցումները նշանակում են, որ Մխիթարյանը Կասորլայից հետո «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը երկու խաղ անընդմեջ աչքի է ընկնում «գոլ+գոլային փոխանցում» ձևաչափով: Երբեմն «Արսենալի» երկրպագուները քննադատել են Մխիթարյանին, բայց այս անգամ նա 64-րդ րոպեին փոխարինվեց արժանի ծափահարությունների ներքո»:

Goal.com-ը գրում է, որ Մխիթարյանն ու Օզիլը միավորվել էին, որպեսզի լավ արդյունք ապահովեին «Արսենալի» համար: Կայքը Մխիթարյանին անվանում է «Արսենալի» ազատ գրոհների բանալի և նշում է, որ հայ ֆուտբոլիստը պետք է շարունակի ընդգրկվել մեկնարկային կազմում.

«Օզիլը, Օբամեյանգը և Կոսյելինին իրենց գոլերով մեծացրին մեկնարկային կազմում ընդգրկվելու հնարավորությունները, իսկ Մխիթարյանն արեց բավարարը մեկնարկային կազմում տեղը պահպանելու համար»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Goal.com-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

 

Share |

Լրահոս

Loading...