Լոկոմոտիվը հայտնել է, թե ՀՖՖ-ն ինչու ազգային արտոնագիր չի շնորհել իրենց

16:09 13.03.2019

Մարտի 11-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների արտոնագրեր ստանալու հարցը,որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար:

Այդ արտոնագրերը իրավունք կընձեռեն մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2019 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումը` ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ակումբի մամուլի քարտուղարությունն այս առիթով պաշտոնական հայտարարություն է տարածել` որոշ մանրամասներ ներկայացնելով.

«Ցանկանում ենք տեղեկացնել,որ մեր ակումբը ֆինանսական խնդիրներ չունի և մեզ մերժել են մանկապատանեկան առաջնություններում ոչ բավարար թիմեր ունենալու պատճառով։

Ներկա պահին «Լոկոմոտիվն» ունի տարբեր տարիքային թիմեր,որոնք մարզվում են(ցավոք մենք այդ թիմերը չենք հասցրել հայտավորել ՀՀ ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար),բայց առաջնությանը հայտավորված է այդ թիմերից մեկը («Լոկոմոտիվ-01»-ը)»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Արտոնագրման կոմիտեն որոշել էր մերժել նաև «Յունիոր ՖԱ»-ին` արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 10-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Բանանց ՖԱ», «Արարատ ՖԱ», «Արցախ ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և «Երևան ՖԱ»:

Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումները 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Share |

Լրահոս