Ով հաղթի մրցումներում, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. Հաբեթնակ Կուրղինյան

14:57 13.03.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այսպիսի միջոցառումները դառնում են ավանդույթ, և ամեն մրցաշարից հետո մենք արժանանում ենք լրագրողների ուշադրությանը:

Վազգեն Թևանյանը և Խաչատուր Պապիկյանը դարձան մեդալակիրներ, իսկ մյուսների մասին կասեմ, որ բոլորն էլ երիտասարդ ըմբիշներ են, ունեն ներուժ ու հնարավորություն: Նրանք պարտվեցին հավասար գոտեմարտերում, և դա ունի ուղղումների ու աշխատելու կարիք: Կարող ենք հասնել նրան, որ հաջորդ մրցաշարերում նրանք ևս պայքարեն մեդալների համար»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը ու խոսել առաջիկա անելիքների մասին.

«Կհանգստանանք մի քանի օր, իսկ հետո կանցկացնենք հավաք և կպատրաստվենք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մրցումները ցույց կտան, թե ինչ ակնկալիքներ ունենք Եվրոպայի առաջնությունից: Ցանկացած մրցաշարում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկներն ակնկալում են հաղթանակ: Ցանկալի է, որ մեդալները շատ լինեն, որպեսզի բոլորիս համար լավ լինի: Արդեն ասել եմ, որ մեծահասակների հավաքականում տեղի է ունենում սերնդափոխություն, ինչը ցույց տվեց նաև Հայաստանի առաջնությունը:

Երիտասարդների թիմից մեծահասակների մակարդակ անցումը բարդ է, բայց լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Շատ եմ կարևորում, որ քաշային կարգում կա մրցակցություն: Շատ ուրախ կլինեի, որ մյուս քաշային կարգերում ևս լիներ այնպիսի մրցակցություն, ինչպիսին 65 կգ քաշային կարգում է: Դրա համար մենք ունենք մրցումներ: Բոլորը կստանան հնարավորություն: Ով կհաղթի մրցումներում, նա էլ կընդգրկվի թիմում: Ես չեմ միջամտում, չեմ գերադասում կամ թերագնահատում որևէ մարզիկի: Ով հաղթի, նա էլ կմեկնի»,- եզրափակել է իր խոսքը մասնագետը:

Հիշեցնենք` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը ԵԱ-ում ելույթն ավարտել է մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Մարտի 9-ին ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, իսկ հաջորդ օրը Խաչատուր Պապիկյանն (74 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես են եկել նաև Վաղինակ Մաթևոյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Share |

Լրահոս