Red Eagles-ը հայտարարել է, որ ՀՖՖ-ն խոչընդոտում է նրանց գործունեությունը. ՀՖՖ-ի պատասխանը

18:28 14.03.2019

Այսօր Red Eagles ֆան-ակումբը հայտարարություն էր տարածել: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտում է ակումբի գործունեությունը:

Ամբողջական հայտարարությունը մեջբերում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ՀՖՖ-ն, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին, պատճառաբանելով, որ հրահանգված է միայն Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։ Ելնելով ստեղծված իրավիճկից, հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարաված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Armsport.am-ը պարզաբանում ստացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Մեզ տեղեկացրին, որ ՀՖՖ-ն երբեք չի խոչընդոտում, այլ հակառակը՝ կողմ է ֆան ակումբների հետ համագործակցությանը՝ թե՛ ՀՖՖ-ի հետ, թե՛ միմյանց միջև:

ՀՖՖ-ն ունի տոմսային քաղաքականություն: Ըստ դրա՝ Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումների ժամանակ ներկա գտնվող ֆան-ակումբների համար առանձնացվել է Արևելյան տրիբունայի I և II սեկցիաների կենտրոնական 2 սեկտորների 1-7 կարգերի բոլոր նստատեղերը:

Միևնույն ժամանակ ֆան-ակումբները պարտավոր են գնել 8-10 կարգերի տոմսերը ևս և դրանք թողնել դատարկ, որպեսզի կանգնած երկրպագելու ժամանակ որևէ անհարմարություն չստեղծեն 10-րդ կարգից վերև գտնվող կարգերում նստող երկրպագուների համար:

Ֆան-ակումբների համար նշյալ նստատեղերը տրամադրվում են վաճառքի միայն այն դեպքում, եթե ֆան-ակումբները ՀՖՖ-ի հետ կնքում են անվտանգության նորմերի պահպանման և վարքագծի պարտավորագիր՝ համաձայնեցված ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնների և նորմերի հետ:

Armsport.am-ի հետ զրույցում ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ Red Eagles ֆան-ակումբը երեկ կայացած հանդիպման ժամանակ չի ցանկացել ՀՖՖ-ի հետ ստորագրել անվտանգության նորմերի պահպանման և վարքագծի պարտավորագիրը: Այսօր ֆան-ակումբի երկրպագուներին պարզապես չեն վաճառվել այն տոմսերը, որոնք նրանք են ցանկացել գնել, քանի որ ֆան ակումբների համար արդեն առանձնածված են նստատեղերը:

 

Share |

Լրահոս