Փյունիկը 700-րդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի Բարձրագույն խմբում

13:38 15.03.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ կմրցի «Արցախի» հետ: Հանդիպումը կկայանա վաղը` մարտի 16-ին, և կմեկնարկի ժամը 14:00-ին:

Հատկանշական է, որ «Արցախի» հետ առաջիկա հանդիպումը «Փյունիկի» համար կլինի հոբելյանական 700-րդը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» ու «Արցախն» արդեն 2 անգամ հանդիպել են միմյանց հետ. Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում Ռումյան Հովսեփյանի և Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ կարողացել է առավելության հասնել 2-0 հաշվով:

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կայացել է 14-րդ տուրում, որտեղ թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասները (0:0): Ի դեպ, հենց այդ հանդիպման երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում էլ, մրցակցի հետ բախման արդյունքում, ծնոտի կոտրվածք է ստացել «Փյունիկի» ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևն, ով մինչ օրս շարունակում է ապաքինվել:

22 տուրից հետո «Փյունիկը» Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 33 միավոր:

«Արցախը» 14 միավորով գտնվում է նախավերջին` 8-րդ տեղում: Նույնքան միավոր ունի նաև «Արարատը», որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս