Բեյլի գործակալ. Եթե Գարեթին թույլ տան իր ֆուտբոլը խաղալ, նա կհասնի Ռոնալդուի մակարդակին

13:49 15.03.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է ֆուտբոլիստի ծրագրերի և նրա հասցեին հնչող քննադատությունների մասին:

«Բեյլը ցանկանում է կարիերայի մնացած հատվածը «Ռեալում» անցկացնել: Նա կխոսի պարոն Զիդանի հետ, իսկ մրցաշրջանի ավարտին համապատասխան որոշում կկայացնենք: Ինչ վերաբերվում է Զիդանի հետ ունեցած տարաձայնություններին՝ պետք է ասեմ, որ Գարեթը ցանկանում էր ավելի ազատ խաղալ, իսկ Զիդանը նրանից այլ բան էր պահանջում: Հենց այդ պատճառով նրա խաղը չէր տպավորում: Եթե Գարեթին թույլ տան մի քանի հանդիպում շարունակ իր խաղը ցուցադրել, նա կհասնի Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին:

Նա հսկայական տաղանդ ունի: Գարեթը շատ ուժեղ է, մեծ կամք ունի և չի մտածում իր հասցեին հնչող քննադատությունների մասին: Նրան չի անհանգստացնում երկրպագուների դժգոհությունը: Նայեք Բեյլի վիճակագրությանը, նա այնքան խաղեր է հաղթել, այնքան տիտղոսներ նվաճել: Տարիներ անց Բեյլին քննադատողների երեխաները դիտելու են նրա գոլերի տեսագրությունները և ասեն. «Ինչպիսի հիանալի ֆուտբոլիստ է եղել»:

Թիմակիցների հետ լարված հարաբերություննե՞րը... Բեյլը շատ հանգիստ տղա է: Նրան ահավոր բաների մեջ են մեղադրում: Օրինակ, որ գիշերը երկուսին չի ցանկացել թիմակիցների հետ զվարճանալ: Իսպանական թերթերը Բեյլի պահվածքն ամոթալի որակեցին, բայց դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կգրեին անգլիական թերթերը, եթե Բեյլը հանգստի ժամին գնար զվարճանալու:

Նա իսկական պրոֆեսիոնալ է և ընկերասեր մարդ: Բոլորը գիտեն, որ հանգստյան օրերին նա սիրում է պարզապես գոլֆ խաղալ, և դա հանցագործություն չէ: Եթե թիմակիցներից որևէ մեկը ցանկանա Գարեթի հետ գոլֆ խաղալ, նա պատրաստ կլինի:

Ես զարմանում եմ, որ բրիտանական թերթերն էլ են քննադատում Բեյլին: Պորտուգալիայում երբեք չեն քննադատում Ռոնալդուին, Արգենտինայում՝ Մեսսիին, իսկ Բրազիլիայում՝ Նեյմարին»,- ասել է Բարնետը BBC Radio 5-ին տված հարցազրույցում:

Share |

Լրահոս

Loading...