Ինդիան-Ուելս. Նադալը հրաժարվել է պայքարից, Ֆեդերերը դուրս է եկել եզրափակիչ

11:38 17.03.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակչին մասնակցելուց: Նադալը պետք է մրցեր Ռոջեր Ֆեդերերի հետ, սակայն աջ ծնկի ցավերի պատճառով հրաժարվել է պայքարից: 

Ցավերը Նադալին անհանգստացրել են դեռևս քառորդ եզրափակիչ փուլի՝ Կարեն Խաչանովի հետ խաղում, սակայն իսպանացին հույս է ունեցել, որ կկարողանա շարունակել տիտղոսի համար պայքարը:

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի շարունակեմ պայքարը: Մարզման ժամանակ զգացի, որ ծունկս այնպիսի վիճակում չէ, որ կարողանամ հաջողությամբ մասնակցել կիսաեզրափակչին: Ինձ համար բարդ է հենց այսպես ավարտել ելույթներս, սակայն առաջին անգամը չէ, որ ինձ հետ նման բաներ են պատահում:

Երբեմն տխրում եմ, որ մրցակիցներիս հետ տարբեր իրավիճակներում ենք... Ցավոք, ես պետք է իմ ուզածից ավելի քիչ մարզվեմ և խաղամ: Տուն եմ ուղևորվում և կվերադառնամ Մոնտե-Կառլոյի մրցաշարում»,- Նադալի խոսքը մեջբերել է Ինդիան-Ուելսի մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը մրցելու է ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը կիսաեզրափակչում 7:6 (7:3), 6:7 (3:7), 6:4 հաշվով հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին:

Share |

Լրահոս

Loading...