Նավասը՝ Սելտայի հետ խաղի մասին. Այսօր արևը դուրս եկավ

14:09 17.03.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մեկնաբանություն է տվել Պրիմերայի 28-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ 2-0 հաշվով տնային հաղթանակից հետո:

Զիդանի վերադարձից հետո առաջին խաղում 32-ամյա դարպասապահը մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Մարդիկ, ովքեր խոսում էին, որ ես վատ էի մարզվում, հիմա պետք է խոստովանեն, որ սխալ էին: Նրանք չգիտեն ինձ ու երբեք չեն տեսել, թե ես ինչպես եմ մարզվում «Ռեալի» մարզաբազայում: Ակումբում բոլորը գիտեն, որ ես լավ եմ մարզվում: Թունելի վերջում միշտ էլ լույս կա. հենց այս մոտեցմամբ եմ ես աշխատում:

Ամեն շաբաթ քրտնաջան մարզվում եմ, որ հայտնվեմ մեկնարկային կազմում: Այսօր արև ծագեց: Միշտ ջանում եմ իմ ներդրումն ունենալ: Այս իրավիճակն ինձ ավելի ուժեղ է դարձրել, ես ավելի շատ ցանկություն կունենամ: Ես վաղուց չեմ խաղացել, այնպես որ՝ երջանիկ եմ:

Ապագան ավելի ուշ հայտնի կդառնա: Ես ու ընտանիքս երջանիկ ենք այստեղ: Տեսնենք՝ ինչ կպատահի: Իմ ցանկությունը չի փոխվել. նախատեսում եմ մինչև պայմանագրիս ավարտը լինել այստեղ», – Նավասի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...