Գյուլբուդաղյանց. Մենք էլ ունենք Պյանիչի, Ջեկոյի և նույնիսկ ավելի բարձր կարգի ֆուտբոլիստ

00:17 23.03.2019

Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է մեր ընտրանու գլխավոր մարզչի նախախաղային ասուլիսը.

Առաջիկա խաղի մասին

«Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել»:

«Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել»:

Մրցակցի մասին

«Բոլոր դիրքերում էլ ունեն ընդգծված առաջատարներ, և իմաստ էլ չունի նշել՝ Ջեկոն, Պյանիչը, բայց մենք էլ ունենք այդ մակարդակի, նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Բացի այդ, ես չասացի, որ ֆավորիտներ չեն լինում, ես ասացի, որ ֆավորիտները ոչ միշտ են հաղթում»:

Թիմի մասին

«Թիմում լավ մթնոլորտ է, տղաները մեծ ցանկությամբ են մարզվում: Արսեն Բեգլարյանը, ցավոք, վերջին մարզմանը վնասվածք ստացավ և հենց այդ պատճառով չուզեցինք ռիսկի դիմել: Եթե Արսեն Բեգլարյանը հասցնի ապաքինվել մինչև մեր վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակուն»:

Յուրա Մովսիսյանի մասին

«Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ, ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական»:

Ասուլիսին ներկա է եղել նաև Սարգիս Ադամյանը, որը նույնպես պատասխանել է լրագրողների հարցերին.

«Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք, առանց սխալների և փորձենք արդյունքի հասնել: Լավ մարզավիճակում եմ: Ինձ համար նշանակություն չունի դիրքը, խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար է համարում»- Ադամյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...