Ջանո. Երախտիքի խոսքեր են գրում, անգամ` Անգլիայից, բայց ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել

16:10 25.03.2019

Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ջանո Անանիձեն պատմել է, թե ինքն ինչպես է կարողացել փրկել Ֆաբիան Շերի կյանքը Շվեյցարիայի ընտրանու դեմ կայացած խաղում (0:2): Խաղի ընթացքում Շերը գլխով բախվել է մրցակցի պաշտպան Ջեմալ Տաբիձեի հետ, վայր ընկել և կորցրել գիտակցությունը: Վրա հասած Ջանոն թույլ չի տվել, որ Շերը կուլ տա լեզուն:

«Փոխանցում եղավ, նրանք բախվեցին, ես ամենամոտն էի կանգնած: Տեսա, որ նրանք երկուսն էլ ընկան, բայց մեր ֆուտբոլիստը դիմակայում էր, իսկ մրցակիցը չէր շարժվում: 7-8 մետր էր հեռավորությունը: Մրցավարը տուգանային նշանակեց, այդ իսկ պատճառով ես արդեն վազեցի, ու տեսա, որ ֆուտբոլիստը չի շարժվում: Մոտեցա և մատներով պահեցի նրա լեզուն: Հետո արդեն բժիշկները մոտեցան:

Մենք իրար դեմ ենք խաղում, բայց գուցե մի օր էլ օրինակ ես այդպես ընկած լինեմ, բախումից ոչ մեկն ապահովագրված չէ: Բոլորը գիտեն, որ երբ մարդ կուլ է տալիս լեզուն, պետք է մատները մտցնել նրա բերանը: Ոչ մի բարդ բան չկա: Երբ ես դա արեցի, բժիշկներն անմիջապես վազեցին: Բոլորն ինձ երախտիքի խոսքեր են գրում, նույնիսկ` Անգլիայից, բայց ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել:

Պետք է այնպես անել, որ մարդը բերանը չփակի, ու բռնել նրա լեզուն: Հետո արդեն բժիշկները կբերեն ամոնյակի սպիրտ (նաշադիր): Կարևորը անել այնպես, որ մարդ բերանը չփակի: 

Շվեյցարիայից, Անգլիայից երկրպագուներ են գրում, հիմնականում` անգլերեն: Ես անգելերեն այնքան էլ չգիտեմ, բայց «respect», «շնորհակալություն», «կեցցես» բառերը հասկանում եմ: Չգիտեմ` այդ դրվագը հեռուստատեսությամբ ցույց տվե՞լ են, թե՞ միայն լուսանկարները կան: Այն 5-6 վայրկյան է տևել, հետո բոլորը մոտեցան: Պարզապես շատ ուժեղ բախում էր: Շվեյցարացին այնքան էլ լուրջ վնասվածք չստացավ, նորմալ վեր կացավ ու շարունակեց հետո խաղալ, իսկ մեր խաղացողն ուղեղի ցնցում է ստացել ու նույնիսկ չի մեկնել Իռլանդիա: Երբ նման բախում ես տեսնում, պետք է արձագանքես»,- ասել է Ջանոն «Чемпионат»-ի հետ զրույցում:

Share |

Լրահոս