Արմեն Սարգսյանը կատարել է գյումրեցի տղայի երազանքը` կազմակերպելով նրա ու Մխիթարյանի հանդիպումը

15:15 25.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, ինչպես հայտնի է, հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը, գրում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ:

Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագու է: Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել:

Եվ ահա Հանրապետության նախագահի նստավայրում այսօր այդ հանդիպումը կայացել է:

«Երբ ես Մանվելին հարցրեցի, թե որն է նրա երազանքը, ասաց՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ՝Հենրիխ Մխիթարյանի նման»,- Մանվելին ու Հենրիխին այսպես է ծանոթացրել նախագահ Սարգսյանը:

Ոչ պաշտոնական մթնոլորտում նախագահ Սարգսյանը, Հենրիխ Մխիթարյանը և գյումրեցի փոքրիկ ֆուտբոլասերը զրուցել են ֆուտբոլի ու Մանվելի մանկական հետաքրքրությունների ու նախասիրությունների, երազանքների մասին:

«Տեսնո՞ւմ ես՝ ինչ պարզ են մարդկանց երազանքները, կարող են մեկ օրում կատարվել» ,- Մանվելին ասել է նախագահ Սարգսյանը: Հենրիխ Մխիթարյանն իր մակագրությամբ ֆուտբոլի գնդակ է նվիրել գյումրեցի երկրպագուին:

Այնուհետև Հանրապետության նախագահն ու Հայաստանի հավաքականի ավագը խոսել են ֆուտբոլի զարգացման ընդհանուր միտումներից, հավաքականի խաղից ու նրա առջև դրված խնդիրներից, Անգլիայի առաջնությունից ու Լոնդոնի «Արսենալից»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքը ֆուտբոլի երկրպագու է դեռ մանկության տարիներից: Նա պատմել է ֆուտբոլի ու Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստների հետ կապված իր հիշողություններից.

«Երկար տարիների իմ ֆուտբոլային սերը մեծ առկայծումներ, ուրախության օրեր է ունեցել: Այդ օրերը 1973-1975 թվականներն էին,-ասել է նախագահը: - Հիմա շատերը երկրպագում են «Արսենալին»-ին, բայց դրա պատճառը դու ես»:

Նա շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլին և ազգային հավաքականին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ անելու է թե՛ հավաքականի կազմում, թե՛ անգլիական Պրեմիեր լիգայում բարձր մակարդակով հանդես գալու համար: Հենրիխ Մխիթարյանը նախագահ Սարգսյանին իր մակագրությամբ մարզաշապիկ է նվիրել:

Share |

Լրահոս

Loading...