Արմեն Գյուլբուդաղյանց. Հիմա էլ եմ ասում՝ մյուս խաղում մեր առաջնային նպատակը լինելու է ազգին ուրախացնելը

23:57 26.03.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ֆինլանդիայի հավաքականին: Մեր ընտրանին կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը: «Հանրապետականում» գրանցվեց 0-2 հաշիվը:

Խաղից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպեց լրագրողներին.

– Երկու բավականին պարզ գոլ բաց թողեցինք: Ի՞նչն էր պատճառը:

– Սխալ եղավ, դրա համար գոլ բաց թողեցինք: Առանց սխալների գոլեր չեն լինում: Իսկապես պարզ գոլեր եղան: Մենք էլ ունեցանք գոլային պահեր, բայց չկարողացանք օգտագործել: Կարծես՝ մենք պետք է գոլ խփեինք, բայց արդյունքում բաց թողեցինք:

– Թիմային խաղը, կարծես, լավ էր ստացվում, բայց երբ գնդակը հասնում էր Արտակ Գրիգորյանին, խնդիրներ էին առաջանում: Նա դեռ նախորդ խաղով չէր հուշե՞լ, որ իր դիրքում կարող են խնդիրներ առաջանալ:

– Ես նախորդ անգամ էլ այդ հարցին պատասխանեցի: Այո կուզեի, որ Գրիգորյանի մոտ փոխանցման խոտանը քիչ լիներ: Մենք փորձում ենք պաշտպանությունից կարճ փոխանցումներով հազվադեպ դուրս գալ: Այո, եթե մեր հենակետային կիսապաշտպանների փոխանցումներն ավելի լավը լինեին, խաղի որակն ավելի կբարձրանար: Բայց Արտակն ունի այլ առավելություններ: Նա այն ֆուտբոլիստն է, որը շատ է օգնում հավաքականին գնդակ խլելիս, մրցակցի գրոհները կանգնեցնելիս:

– Ի՞նչ կասեք հարձակվողների մասին, և ինչո՞ւ չէր հրավիրվել Սարկիսովը:

– Եթե նկատել եք՝ Արթուր Սարկիսովն իր թիմում ավելի շատ խաղում է եզրից, ոչ թե կենտրոնական հարձակվող: Իսկապես, նա լավ ֆուտբոլիստ է, բայց մենք եզրի համար այլ խաղացողների էինք բերել: Ձեզ դուր եկա՞վ Էդգար Բաբայանը: Մենք եզրերում շատ ֆուտբոլիստներ ունեինք, նույնիսկ Ալիկ Առաքելյանը. շատ ենք ուզում, որ նա էլ աստիճանաբար կազմում լինի: Իսկ կենտրոնի համար բերել էինք Բալեկյանին, որն անցած խաղում լավ խաղաց, ու Կարապետյանին, որը լավ էր դրսևորում իրեն, բայց այս խաղը չստացվեց: Ադամյանն էլ վատառողջ էր, նոր էր լավացել: Ճիշտ է՝ ասում էր, որ արդեն լավ է:

– Պետրոս Ավետիսյանի մասին ի՞նչ կասեք:

– Պետրոսը մեծ պոտենցիալ ունի, նա դեռ պետք է բարելավի իր խաղը: Դուք էլ տեսաք, որ մտնելով ակտիվացրեց խաղը: Նա դեռ իր խոսքը կասի, եթե լուրջ մոտենա իր մարզման գործընթացին: Ես հավատում եմ Պետրոսի ապագային:

– Մեկնարկում, մինչև գոլն էլ մրցակցին խորքից էինք դիմավորում, դա ձեր ցուցո՞ւմն էր:

– Առաջին 15 րոպեներին եթե ուզում էին խաղարկել գնդակը, մենք չէինք թողնում, ավելի բարձր էինք դասավորվում: Մենք մի փոքր ճիշտ չդասավորվեցինք դաշտում: Երկրորդ խաղակեսում հենց սկզբից ակտիվ պրեսինգ սկսեցինք: Թարմություն չկար: Չասեմ՝ հոգնածություն, թարմություն չկար:

– Կարելի՞ է ասել, որ կենտրոնական պաշտպանների՝ Կալիզիր-Հարոյան զույգը հենց այն է, որ պետք է խաղա հավաքականի մեկնարկում:

– Ընդհանրապես ֆուտբոլում վերջնական ոչինչ չկա: Եթե վաղը նրանք վատ խաղան, մյուս օրը չեն խաղա: Մենք ունենք Խաչատուրով, Իշխանյան, բայց այսօր ճիշտ համարեցինք, որ պետք է խաղան Կալիզիրն ու Հարոյանը:

– Հենրիխ Մխիթարյանին հենակետային գոտում խաղացնելը զգալիորեն նվազեցնում է մեր հարձակման ներուժը:

– Մխիթարյանը պետք է խաղարկելիս դուրս գար, և դառնայինք երկու ենթահարձակվողով: Դա ստիպողաբար էր արվել, քանի որ խաղից առաջ Կառլեն Մկրտչյանը հիվանդացավ, և մենք ժամը 17-ից հետո սկսեցինք մտածել կազմը փոխելու մասին:

– Երկրպագուների շրջանում խորանում է հիասթափությունը: Ի՞նչ ունեք նրանց ասելու: Ինչի՞ սպասենք առաջիկա խաղերում:

– Ես հիմա էլ եմ ասում՝ մյուս խաղում մեր առաջնային նպատակը պետք է լինի ազգին ուրախացնելը լավ խաղով և արդյունքով: Մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի: Արդեն չորս երիտասարդ խաղացող իրենց նորամուտը նշել են հավաքականում: Լավագույն փորձառու ֆուտբոլիստների հետ երիտասարդներն էլ կամաց-կամաց փորձ կհավաքեն: Ամեն ինչ կանենք, որ ազգին ուրախացնենք:

Share |

Լրահոս

Loading...