Մարզիկը չի կարող տանը նստած պատրաստվել ու շանս ունենալ. Լևոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի մասին

19:52 28.03.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին:

Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել միջազգային մրցաշարերի, եթե իրեն տրվի այդ հնարավորությունը:

«Աշխարհի ոչ մի երկրում չկա մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի: Ցանկացած մարզիկ պարտավոր է հավաքականի հետ մասնակցել բոլոր ուսումնամարզական հավաքներին, մրցաշարերին: Ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է: Այսօր Կարեն Մնացականյանին, Վաղինակ Գալստյանին, Ռոման Ամոյանին էլ կարող ենք հրավիրել մասնակցելու մրցաշարերի: Ինչո՞ւ նրանց անունները չեք տալիս:

Երբ հավաքականի ծրագրած հավաքներին ու մրցաշարերին մասնակցելուց հետո մարզիկն ապացուցում է, որ ինքը կա որպես մարզիկ, արժանի է, ստանում է հնարավորություն: Բոլորի համար մեր դռները բաց են: Վաղինակ Գալստյանը, որն աշխարհի չեմպիոն է, կամ Ռոման Ամոյանը, որը 15 մեդալ ունի երևի, եթե որոշեն նորից մրցաշարերի մասնակցել, պետք է գան մեզ հետ անցնեն նախապատրաստական փուլը:

Ռոման Ամոյանն ավարտե՞լ է կարիերան. Ռոմանը մինչև անցած տարվա սեպտեմբեր ամիսը Գերմանիայում մասնակցում էր ակումբային առաջնությանը: Մի խոսքով, կարծում եմ՝ հասկանալի բացատրեցի: Մարզիկը պետք է լինի հավաքների, մրցումների ու ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է:

Արդյոք Միհրան Հարությունյանն այս տարի շանս ո՞ւնի. բոլորն էլ ունեն: Ռոման Ամոյանն էլ ունի: Եթե գա ասի, որ ցանկանում է մասնակցել մեր մարզումներին ու մեզ հետ պատրաստվել մրցաշարերին, ապացուցի, որ արժանի է, կունենա շանս: Իսկ նա, ով տանը նստած միայն հայտարարություններ է անում, չի կարող շանս ունենալ՝ անկախ անուններից: Պետք չէ անուններ նշել: Մոռացեք այդ անունները: Սպորտն ունի օրենքներ ու պահանջներ, ու բոլորը պետք է շարժվեն այդ օրենքներով»,- իր խոսքում նշեց Լևոն Ջուլֆալակյանը:

Միհրան Հարությունյանը, հիշեցնենք, իր ուժերն է փորձում նաև MMA-ը, ու արդեն երկու հաղթական մենամարտ է անցկացրել խառը մենամարտերում: Հարությունյանն, այդուհանդերձ, բազմիցս նշել է, որ իր նպատակը Տոկիոյի-2020 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելն է:

Share |

Լրահոս