ՀՊԼ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր առաջ «Նոան» հայտարարեց Պետրոս Ավետիսյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ 25-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը, որը Հայաստանի առաջնություն վերադարձավ ղազախական «Տոբոլից», այստեղ ավելի վաղ հանդես էր եկել «Ուրարտուում», «Փյունիկում» ու «Արարատ-Արմենիայում»։
ArmSport-ը երիտասարդ ֆուտբոլիստի հետ խոսել է արտասահմանյան կարիերայի, հայրենիք վերադառնալու և այլ հարցերի մասին։
-Պետրո՛ս, կամփոփե՞ս «Տոբոլում» անցկացրած տարին․ ի՞նչ տվեց քեզ Ղազախստանի առաջնությունը։
-Առաջին անգամ էի հանդես գալիս Հայաստանից դուրս և ուրախ եմ, որ դարձա Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր։ Կարծում եմ՝ օգտակար փորձ էր՝ ինչպես ֆուտբոլային, այնպես էլ կյանքի առումով։
-Ղազախստանի առաջնությունն ինչպիսի՞ն է խաղացողի տեսանկյունից։ Շա՞տ է տարբերվում մեր առաջնությունից։
-Ղազախստանում շատ են բարձրակարգ լեգիոներները։ Այդ փաստը որակ է հաղորդում առաջնությանը, բայց Հայաստանի առաջնությունը ևս տարեցտարի աճ է գրանցում։
-Այնտեղից հեռանալուց հետո քո անունը կապվում էր «Տամբովի» հետ․ ինչո՞ւ չստացվեց պայմանագիր կնքել։
-Այո՛, «Տամբովին» միանալու տարբերակ կար, բայց, ի վերջո, չտեղափոխվեցի այդ ակումբ։ Չէի ցանկանա խոսել պատճառների մասին։ Դա անցյալում է։ Հիմա տեղափոխվել եմ «Նոա» ու, կարծում եմ, շատ լավ թիմում եմ։ Ցանկանում եմ առաջ նայել և, հնարավորինս, օգտակար լինել թիմին։
-Ասել ես, որ բացի «Նոայից» հայկական այլ թիմեր էլ էին քեզ ուզում տեսնել իրենց կազմում․ քո նախկին թիմերը կայի՞ն դրանց թվում։
-Ո՛չ։
-Ինչո՞վ գրավեց քեզ «Նոան»։
-Երբ «Տոբոլի» հետ պայմանագրիս ժամկետն ավարտվել էր, մարզավիճակս պահպանելու համար մարզվում էի ԲԿՄԱ-ի հետ։ Ի դեպ, շատ շնորհակալ եմ ԲԿՄԱ-ին դրա համար։ Այդ ընթացքում ԲԿՄԱ-ի կազմում ընկերական խաղի մասնակցեցի «Նոայի» դեմ։ Այդ խաղից հետո ինձ հետ զրուցեց թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և ասաց, որ ինձ կցանկանար տեսնել թիմում։ Ինձ համար շատ կարևոր է, որ հենց մարզիչն է նախաձեռնողը, այդ պատճառով էլ որոշեցի տեղափոխվել այստեղ։
-Ի՞նչ պոտենցիալ ունի թիմը։
-«Նոան» շատ լավ թիմ է։ Կա լավ մարզչական շտաբ, լավ ֆուտբոլիստներ։ Իսկ ակումբը լուրջ նպատակներ է դնում իր առջև։
-Հայաստանի առաջությունն ինչպե՞ս է փոխվել քո բացակայության մեկ տարվա ընթացքում։
-Շատ մեծ է մրցակցությունը։ Չկա բացահայտ առաջատար, խաղերն անկանխատեսելի են դարձել, ու մեծ թվով թիմեր պայքարում են մրցանակային տեղերի համար։
-Հիմա ֆուտբոլում քո նպատակը ո՞րն է։
-Այս պահին մտքերս «Նոայի» հետ են, որպեսզի լավագույն կերպով հանդես գամ։ Իսկ մնացածն արդեն ժամանակը ցույց կտա։
Ստելլա Բաբլոյան