Պելեի խորհուրդը՝ Մբապեին. Լավագույնը դառնալու համար Կիլիանը չպետք է հեռանա ՊՍԺ-ից

15:43 03.04.2019

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն գովասանքով է խոսել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, որի տրանսֆերի համար պայքարում են եվրոպական մի շարք ակումբներ:

«Մբապեն չպետք է հեռանա «Պարի Սեն Ժերմենից»: Նա պարզապես պետք է շարունակի խաղալ նույն ոգով և այդ դեպքում կդառնա լավագույնն աշխարհում: Եթե դուք Մբապեին համեմատում եք Պելեի հետ, ապա հիշեք, որ ես «Սանտոսից» չեմ հեռացել, որպեսզի լավագույնը դառնամ:

Մբապեն ինձ պես գեղեցիկ չէ: Իսկ եթե լուրջ՝ մենք նման ենք խաղերի ելքը վճռելու ունակությամբ, ինչն իմ գլխավոր առավելություններից էր: Ես նկատի ունեմ խաղը լիովին հասականալը և բարդ իրավիճակներում արագ որոշումներ կայացնելը:

Մբապեին ուղեկցում է հաջողությունը: Իմ ժամանակաշրջանում ևս հաջողությունն ուղեկցում էր ինձ: Սա Աստծո նվեր: Այժմ ֆուտբոլում ֆիզիկական տվյալներն ավելի կարևոր են, քան իմ ժամանակներում, իսկ Մբապեն իր ֆիզիկական տվյալներով պատրաստ է նոր նվաճումների»,- Պելեի խոսքը մեջբերել է Le Parisien-ը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կիլիան Մբապեի տրանսֆերը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար 280 միլիոն եվրո է առաջարկելու ՊՍԺ-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 32 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...