Շատ եմ ցավում. Օզբիլիսը` Վիլլեմից հեռանալու պատճառների մասին

16:51 05.04.2019

Հոլանդական «Վիլլեմ II»-ն, ինչպես հայտնի է, խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

Նման որոշում էր կայացվել «Սիտարդի» հետ հանդիպումից հետո, երբ հայ ֆուտբոլիստը խաղի ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ: Օզբիլիսը գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում` պարզաբանելով ստեղծված իրավիճակը.

«Հավանաբար գիտեք, որ իմ և «Վիլլեմի» ճանապարհները բաժանվել են: Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, իմ թիմակիցներին, խոհանոցի աշխատակիցներին, բժշկական անձնակազմին և «Վիլլեմ II»-ի հիանալի երկրպագուներին:

Ստեղծված իրավիճակի պարագայում կցանկանայի պարզաբանում մտցնել: Ճիշտ է, որ ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդի» հետ խաղում: Դա սխալ էր և ես արդեն ներողություն եմ խնդրել դրա համար: Զգացմունքներս տեղի տվեցին, երբ ես տեսա, որ խաղադաշտ պետք է դուրս գա մի ֆուտբոլիստ, որը 2 շաբաթ վնասվածք ուներ և խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր մարզվել` խաղի նախորդ օրը: Խնդիրը ո՛չ այդ ֆուտբոլիստի մեջ է, ո՛չ էլ նրա, որ ես չխաղացի… խնդիրը իրավիճակի մեջ էր: Ես իսկապես ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց: 

Վշտացած եմ նաև «աշխատել չցանկանալու» որակումից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և ազնիվ: Բայց ես ևս սխալվում եմ»,- գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք` Օզբիլիսը վարձակալության հիմունքներով էր հանդես գալիս հոլանդական ակումբում: Նրա պայմանագիր թուրքական «Բեշիքթաշի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա Օզբիլիսը 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...