Ծանրամարտի ԵԱ. Պոկումում Մինասյանը 3-րդն է, Ալեքսանյանը՝ 5-րդը

18:18 13.04.2019

Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել +109 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։

Պոկում վարժության ժամանակ Գոռ Մինասյանը հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 200 կգ կշռող ծանրաձողը, սակայն ձախողեց երկրորդ և երրորդ մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 205 կգ։ Այս արդյունքով Գոռը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։

Պոկում վարժությունում ռեկորդային ցուցանիշով՝ 218 կգ, առաջատարը վրացի Լաշա Տալախաձեն էր, որին հաջորդեց նրա հայրենակից Իրակլի Տուրմանիձեն՝ 206 կգ։

Ռուբեն Ալեքսանյանը հաջողությամբ կատարեց 190 կգ և 195 կգ մոտեցումները, սակայն երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 200 կգ և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...