Բառերով դժվար է բացատրել, թե ինչ եմ զգում. Շեյն Հենրին պրոֆեսիոնալ մակարդակում առաջին չեմպիոնությունից հետո

01:38 14.04.2019

Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվառո»-«Արագած» խաղում «Արագածն», ինչպես հայտնի է, 97-87 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և հռչակվել առաջնության չեմպիոն:

Հանդիպումից հետո մրցաշարի լավագույն ծանր հարձակվող ճանաչված Շեյն Հենրին ArmSport-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Շատ երջանիկ եմ, որ կարողացանք չեմպիոն դառնալ՝ մեր մարզչի, ակումբի յուրաքանչյուր անդամի ու մեր երկրպագուների համար: Միասին մենք ուժեղ ենք:

Ինձ համար սա պարզապես հիանալի փորձառություն է, առաջին անգամ եմ պրոֆեսիոնալ մակարդակում առաջնության չեմպիոն դառնում: Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեմ»,- իր խոսքում նշեց ամերիկացի բասկետբոլիստն ու խոսեց նաև եզրափակչում իրենց մրցակցի՝ «Ուրարտու Վիվառոյի» մասին.

«Մենք շատ մեծ աշխատանք կատարեցինք: Հեշտ չէր, նրանք հիանալի թիմ ունեն, բայց ուրախ եմ, որ քրտնաջան աշխատանքն իր արդյունքը տվեց: Պետք է շարունակենք նույն կերպ:

Ինչ վերաբերում է առաջնության լավագույն ծանր հարձակվողի մրցանակը ստանալուն, պետք է ասեմ, որ ընդհանրապես չէի սպասում: Կցանկանամ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, առանց նրանց օգնության ես չէի կարողանա ցույց տալ այն, ինչ ցույց տվեցի: Շնորհակալ եմ նաև մարզիչներին ինձ հավատալու համար:

Ինչպիսի՞ն են առաջիկա ծրագրերը. պատրաստվում ենք տոնել ու զվարճանալ, շատ ուրախ ենք: Իսկ եթե ավելի լուրջ, այս պահին դեռևս դժվարանում եմ խոսել ապագա ծրագրերից»,- մեզ հետ զրույցում նշեց Շեյն Հենրին:

Share |

Լրահոս