Ըմբշամարտի ԵԱ․ Ասլանյանն ու Կալաչյանը շարունակում են պայքարը

15:33 14.04.2019

Բուխարեստում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային վերջին օրը, գորգ դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները՝ եզրափակիչ և սփոփիչ գոտեմարտերի համար: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։

Երեկ կայացած նախնական գոտեմարտերում Հայաստանը ներկայացուցիչ ուներ բոլոր 5 քաշային կարգերում:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի Լենուր Թեմիրովն էր: Գևորգը 1 միավորի տարբերությամբ 5:6 հաշվով զիջեց մրցակցին, հետագայում ուկրաինացին նույնպես պարտվեց, ուստի Գևորգը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից:

67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակելու պայքարը բրնոզե մեդալի համար:

Առաջին սփոփիչ գոտեմարտում Ասլանյանի մրցակիցը կլինի Յարասլով Կարդաշը Բելառուսից։ Եթե Ասլանյանը հաղթի նրան, ապա երկրորդ սփոփիչ գոտեմարտում կհանդիպի Կոնստանտին Ստասին։ Բուլղարացի ըմբիշի արգելքը հաղթահարելու դեպքում Ասլանյանը երրորդ տեղի համար կգոտեմարտի սերբ Մատե Նեմեշի հետ:

72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և տուշեով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն տվեց շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում Կալաչյանի մրցակիցը կլինի հունգարացի Ռոբերտ Ֆրիտչը, որին հաղթելու դեպքում հայ ըմբիշը երրորդ տեղի համար կգոտեմարտի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:

82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 0:8 հաշվով զիջեց ռուս Ալեքսանդր Կոմարովին։ Ռուս ըմբիշը նույնպես պարտվեց, ուստի Քոչարյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 0:4 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Լունդին։ 1/8 եզրափակչում Շահինյանի մրցակիցը ադրբեջանցի Օրխան Նուրիևն էր, ում հայ ըմբիշը զիջեց 0:3 հաշվով։ Նուրիևը քառորդ եզրափակչում պարտվեց բուլղարացի ըմբիշին, Շահինյանն էլ զրկվեց բրոնզի մեդալի համար պայքարելու հնարավորությունից:


Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականները առայժմ 2 մեդալ են նվաճել: Ազատոճային 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ հունահռոմեական 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Share |

Լրահոս

Loading...