Գվարդիոլա․ Չեմ պատրաստվում ամբողջ կյանքս մարզչական աթոռին անցկացնել

14:39 14.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում մրցակցի մարզիչ Ռոյ Հոջսոնի նման երկար կարիերա ունենալ։ 71-ամյա մասնագետը Պրեմիեր լիգայի ամենատարեց մարզիչն է։

«Չեմ կարծում, թե երբևէ կրկնեմ Ռոյ Հոջսոնի ցուցանիշը։ Նրան դուր է գալիս մարզել, և դա անհավանական է։ Ամեն ինչ կրքի մեջ է, սակայն ես մինչև մահանալս ցանկանում եմ այլ բաներով էլ զբաղվել։ Սիրում եմ իմ աշխատանքը, բայց միշտ մտածում եմ այլ բաներով զբաղվելու մասին։ Բացի այդ, ես կին ու ընտանիք ունեմ։

Ոչ մի դեպքում մինչև 71 տարեկան չեմ մարզի։ Այժմ 48 տարեկան եմ և հեռու եմ 71-ամյակից։ Այդ մասին չեմ մտածում և նման ծրագրեր չունեմ։ Չեմ ցանկանում ամբողջ կյանքս անցկացնել մարզչական աթոռին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Goal-ը։

Հավելենք, որ «Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 17։05-ին։

Share |

Լրահոս

Loading...