Կարիի 38 միավորը, Օգաստինի հաղթական 3-միավորանոցը․ NBA-ում մեկնարկել է փլեյ-օֆֆը

10:39 14.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում մեկնարկել է փլեյ-օֆֆը։ Խաղային առաջին օրը կայացել է 4 հանդիպում։

Քառորդ եզրափակիչ շարքերի առաջին հանդիպումը կայացավ Ֆիլադելֆիայի «Ուելս-Ֆարգո» արենայում, որտեղ «Ֆիլադելֆիա Սիկսերսը» հյուրընկալեց «Բրուկլին Նետսին»։ Հանդիպման մեկնարկից հյուրերն ունեին զգալի առավելություն և նախքան մեծ ընդմիջում հաղթում էին 62-54 հաշվով։ Խաղի երկրորդ կեսում «Նետսը» գործը հասցրեց տրամաբանական ավարտին և հաղթեց 111-102 հաշվով։

Հյուրերի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դ՛Անջելո Ռասելն էր, որը վաստակեց 26 միավոր։ «Ֆիլադելֆիայի» կազմում 36 միավորով աչքի ընկավ Ջիմի Բատլերը, իսկ Ջոել Էմբիդի ակտիվում դաբլ-դաբլ գրանցվեց՝ 22 միավոր, 15 անդրադարձ։

Շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 16-ին, կրկին Ֆիլադելֆիայում։

«Տորոնտո Ռեպտորսը» հյուրընկալեց «Օրլանդո Մեջիկին» և պարտվեց 101-104 հաշվով։ Հանդիպման գլխավոր հերոսը հյուրերից Դի Ջեյ Օգաստինն էր։ «Մեջիկի» խաղարկողը վաստակեց 25 միավոր և հանդիպման ավարտից 3,4 վայրկյան առաջ կատարեց հաղթական 3-միավորանոց նետում։

Աարոն Գորդոնի ակտիվում 10 միավորով և 10 անդրադարձով դաբլ-դաբլ գրանցվեց, իսկ «Տորոնտոյի» կազմում ամենաարդյունավետը Կավայ Լեոնարդն էր, որը վաստակեց 25 միավոր։

Շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին, կրկին Տորոնտոյում։

NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթն» ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆը հաղթանակով սկսեց։ «Ուորիորզը» սեփական հարկի տակ 121-104 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյթից» Սթիվեն Կարին էր, որը վաստակեց 38 միավոր և կատարեց 7 արդյունավետ փոխանցում։

Կևին Դյուրանտի ակտիվում գրանցվեց 23 միավոր, իսկ «Կլիպերսից» ամենաարդյունավետը Մոնտրեզլ Հարելն էր, որը վաստակեց 26 միավոր։

Այս շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 16-ին, Օկլենդում։

Օրվա չորրորդ խաղում «Սան Անտոնիո Սփյորսը» հյուրընկալվեց «Դենվեր Նագետսին» և հաղթեց 101-96 հաշվով։ Այս խաղում ամենաարդյունավետը «Դենվերի» պաշտպան Գերի Հարիսն էր, որը վաստակեց 20 միավոր։ Հաղթող թիմի կազմում 18 միավոր վաստակել է Դեմար Դերոզանը։ Բացի այդ, «Նագետսի» կազմում թրիփլ-դաբլով աչքի է ընկել Նիկոլա Յոկիչը՝ 10 միավոր, 14 փոխանցում, 14 անդրադարձ։

Այս շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին, «Դենվերի» խաղահրապարակում։

Share |

Լրահոս

Loading...