Կյանքում չեմ մոռանա եզրափակիչ գոտեմարտս. Արսեն Հարությունյանը՝ ԵԱ-ի և առաջիկա նպատակների մասին

17:21 15.04.2019

6 տարվա ընդմիջումից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ոսկե մեդալ նվաճեց. Բուխարեսում կայացած Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձավ 61 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում նորընծա չեմպիոնն ասաց, որ երբեք չի մոռանա եզրափակիչ գոտեմարտը.

«Եվրոպայի առաջնությունում ինձ համար ամենատպավորիչը հենց եզրափակիչ գոտեմարտն էր, որում պարտվում էի 0-8 հաշվով, բայց կարողացա հետ բերել ամեն ինչ: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Միշտ կհիշեմ, որ կարողացա հետ բերել 0-8 հաշիվը, չընկճվեցի, հավաքվեցի և հաղթեցի: Պարտվելիս հիշում էի, թե մարզիչներիս հետ որքան եմ տանջվել: Չէի ցանկանում աշխատանքս ջուրը գցել, պետք է հաղթեի»,- ասաց 19-ամյա ըմբիշը և ավելացրեց, որ Հայաստանում իրեն հիանալի են դիմավորել.

«Շատ լավ դիմավորեցին: Արդեն զգում եմ, որ հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում: Բոլորը ճանաչում են ինձ, ինչ գործ ուզում եմ անել՝ առաջ են գցում (ժպտում է-խմբ.)»:

Խոսելով իր մարտավորության մասին՝ Արսեն Հարությունյանն ընդգծեց, որ այն փոփոխական է և պայմանավորված է մրցակիցների գոտեմարտելու ոճով.

«Ես մտածված չեմ զիջում միավորները, իսկ հետո հետ բերում: Այս առաջնությունում ես քաշ գցածների խմբում չէի, իսկ իմ բոլոր հակառակորդները քաշ էին գցել: Ես ցանկանում էի նրանց հոգնեցնել, ապա անցնել միավորներ վաստակելուն: Հնարավոր է՝ հաջորդ մրցումներին այս մարտավարությամբ հանդես չգամ, կախված կլինի նաև մրցակիցների գոտեմարտելու ոճի»:

Առաջիկա նպատակների մասին խոսելիս Արսենն ասաց, որ դրանք մեծապես կախված են մարզիչների որոշումներից.

«Իմ նպատակները կախված են մարզիչներիս որոշումներից: Ես կարող եմ մասնակցել նաև երիտասարդական առաջնություններին: Այնպես որ՝ երբ մարզիչներս որոշեն, թե ինչ մրցաշարի եմ մասնակցելու, իմ նպատակը կլինի այնտեղ հաղթելը»,- խոսքը եզրափակեց երիտասարդ ըմբիշը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող 27-ամյա Բեկա Լոմտաձեին: Գոտեմարտի մեկնարկում պարտվելով 0-8 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացավ հաղթանակի հասնել 17-11 հաշվով:

Նախքան եզրափակիչը Արսենը որակավորման փուլում 14-8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, 1/4 եզրափակչում հաղթահարել էր թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը՝ առավելության հասնելով 5-2 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 10-4 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:

Share |

Լրահոս

Loading...