Հաբեթնակ Կուրղինյան. Արսենը կռվեց և ապացուցեց, որ գորգում հեղինակություններ գոյություն չունեն

16:33 15.04.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց մեր ընտրանու ելույթը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ 6 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազատ ոճի հավաքականը կրկին ոսկե մեդալ ունի. Բուխարեսում Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ 19-ամյա Արսեն Հարությունյանը:

Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է իր ըմբիշների ելույթներից:

«Արսենը կռվեց և ապացուցեց, որ գորգում գոյություն չունեն անուն, երկիր, հեղինակություն: Գոյություն ունի պարզապես մարզիկ, որը պատրաստ է և գորգ է դուրս գալիս թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն հաղթելու համար: Հենց դա ապացուցեց Արսենը: Նույնն էլ կարող եմ ասել Վազգեն Թևանյանի մասին, ում այս անգամ խանգարեց վնասվածքը:

Մյուսների անհաջող ելույթների համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Կփորձենք շտկել սխալները: Համենայն դեպս, այս մրցաշարում Արսենի և Վազգենի ելույթները մյուսների համար սթափվելու և ավելի լավ հանդես գալու ազդակ կլինեն»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հավաքականի մարզիչը նշեց, որ այս ըմբիշներն Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություններ կունենան և ընդգծեց, որ իր համար մեդալների առավել կարևոր է թիմում տիրող լավ մթնոլորտը.

«Ոչ միայն Վազգենը և Արսենը, այլև ամբողջ թիմն ունի հնարավորություններ Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Կփորձենք այնպես աշխատել, որ նրանք հասցնեն և Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեն:

Հավաքականում շատ դրական մթնոլորտ է: Մարզչական անձնակազմի համերաշխ աշխատանքը դրական է ազդում մարզիկների արդյունքների, ելույթների վրա: Թիմում բարոյահոգեբանական մթնոլորտը կախված է մարզիչների հարաբերություններից. ինչպիսի մթնոլորտ լինի մարզիչների մոտ, այնպիսին էլ կլինի ընդհանուր թիմում:

Ես շատ եմ կարևորում տղաների և մեր նպատակալասլացությունը, իսկ մեդալների գույնը և քանակը երկրորդական են: Ինձ համար կարևոր են թիմն ու թիմային ոգին, որոնք կան: Իսկ եթե արդյունքներն ինչ-որ մեկին չեն բավարարում, ի՞նչ ասեմ, ես չեմ կարող բոլորին բավարարել»,- ասաց մարզիչը:

Հաբեթնակ Կուրղինյանը տեղեկացրեց, որ հավաքականն առաջիկա Եվրոպական խաղերի 4 ուղեգիր ունի, սակայն դեռ չի որոշել՝ ովքեր են մասնակցելու.

«Եվրոպական խաղերի համար 4 ուղեգիր ունենք՝ 57 կգ, 65 կգ, 125 կգ և 97 կգ քաշային կարգերում: Դեռ չենք որոշել, թե ովքեր կմասնակցեն: Նախքան Եվրոպական խաղերը կլինեն հավաքներ: Սա անհատական մարզաձև է, սակայն պահանջում է թիմային աշխատանք: Ավելի է լավ է մեծ ընտրություն ունենամ և բարդ որոշում կայացնեմ, քան ընտրության հնարավորություն չունենամ: Փառք Աստծո, այսօր մեր հավաքականում կա ընտրության հնարավորություն, ինչն էլ ուրախացնում է»,- խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Անի Պետրոսյան

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...