Ջուլֆալակյան. Չէի ուզում սպորտային ուղիս ավարտել օլիմպիական ցավոտ պարտությամբ

12:50 15.04.2019

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Բուխարեստում կայացած ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում` խոսելով զգացողությունների և այն ամենի մասին, ինչն իրեն ստիպեց չհեռանալ սպորտից.

«Շնորհակալ եմ և զգացված բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Այս հաղթանակները (ընդհանուր 4 գոտեմարտ) և արդյունքում Եվրոպայի առաջնության մեդալը պատասխան էր 2016թ-ից ծագած մի շարք հարցերի։ Եվ իհարկե, գլխավոր հարցի պատասխանը` «ինչի՞դ է պետք Արսեն, էդքան մեդալ ես նվաճել արդեն...(և որոշները նաև մտածում էին,որ այլևս չեմ կարողանա...)»։

Իսկ իրականում ինչի՞ս էր պետք մնալ ևս 4 տարի պրոֆեսիոնալ սպորտում՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ, երբ արդեն նվաճել էի բոլոր հնարավոր տիտղոսները, բացի օլիմպիական ոսկուց (արծաթը ունենք)։

Որովհետև`

1. զգում էի և հավատում,որ այն որակները,որոնց հասել էինք թիմային աշխատանքի շնորհիվ,պահպանված են և կարող են դեռ լավագույնս օգտագործվել

2. կար պահանջ և՛ ընտանիքից,և՛ ընկերներից/հարազատներից,և՛ ըմբշամարտի մասնագետներից ու երկրպագուներից,որ ևս մի քառամյա ցիկլ շարունակեմ

3. վստահ էի,որ պոտենցիալս դեռ սպառված չէ

4. չէի ուզում նման փառահեղ սպորտային ուղին ավարտել օլիմպիական ցավոտ պարտությամբ (հաստատ շատ ծանր հետք կթողներ վրաս,սպորտից նեղացածի սինդրոմ...)

5. Եվ գլխավորը` ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՍ. քանի դեռ կա գեթ 1% հնարավորություն,պետք է պայքարել սեփական երազանքի իրականացման համար։ Այդպես են կերտվում մեծ գործերը, այդպես է կերտվում պատմությունը։

Մի հրաժարվեք ձեր երազանքներից,ինչքան ուզում է այն անհավատալի թվա որոշների համար, անիրականանալի թվա շատերի համար և միգուցե անհնար բոլորի համար։ Հավատացեք ու շարժվեք դրա ուղղությամբ։ Նույնիսկ եթե չստացվի,հետո ինքներդ ձեզ չեք մեղադրի հանձնվելու և անգործության մեջ։ Այլ ուղղակի ձերը չէր ի վերուստ և միգուցե ավելի լավ բան է դրա փոխարեն ձեզ սպասում։ Բայց երբեք մի հանձնվեք առանց պայքարի! նույնիսկ այս կամային,շատ բարդ նվաճված բրոնզե մեդալը (որի ոսկին ի դեպ նվաճել էի դեռ 10 տարի առաջ❗️) արժեր,որ այս 3 տարին օր ու գիշեր պայքարեի՝ հաղթահարելով բոլոր բարդությունները...

Ի վերջո, ի՞նչ է կյանքը,եթե ոչ պայքար հանուն ինչ որ մի բանի»,- գրելէ Ջուլֆալակյանն ու տեղադրել բրոնզե մեդալի համար անցկացրած հիանալի գոտամարտի տեսանյութը.

«Որպես վերջաբան,կցում եմ եզրափակիչ գոտեմարտի հղումը՝ անգլերեն մեկնաբանությամբ։ Շնորհակալ եմ նաև UWW-ի (ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի) մեկնաբաններին՝ նման բարձրակարգ և մանրամասն աշխատանքի համար։

Պետք է խոստովանեմ, նրանց մեկնաբանման շնորհիվ գոտեմարտն առաջին անգամ դիտելուց յուրահատուկ զգացողություններ ունեցա...նորից համոզվում ես,թե իրականում սպորտը ինչ մեծ հռչակ կարող է բերել պետություններին։

Առանձին շնորհակալություն հավաքականի մարզիչներին աշխատանքի և վստահության համար,ընտանիքիս,թիմակիցներիս և այն ամբողջ անձնակազմին,ով էս գործի մեջ ավանդ ունի»:

Share |

Լրահոս