Վարդան Մինասյանը՝ չեմպիոնական պայքարի մասին. Մենք այդքան հեռուն չենք նայում

18:51 15.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» խաղավարտին կամային ոչ-ոքի կորզեց «Բանանցից»: Դրամատիկ խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Վարդան Մինասյանը:

– Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը թե գնդակով, թե առանց գնդակի, ուղղակի վերջին վայրկյանին ստանդարտից գոլ բաց թողեցինք: Դրա համար երկրորդ խաղակեսին խաղի սցենարը փոխվեց: Լավ էր, որ մենք այս սխալը թույլ տվեցինք. թիմը բնավորություն ցույց տվեց ու կարողացավ բնավորության շնորհիվ հաշիվը հավասարեցնել: Համենայնդեպս, դուք երևի տեսաք, որ մինչև վերջին վայրկյանը ցանկություն կար խաղը հաղթելու: Արժանի թիմեր էին երկուսն էլ, ու ոչ-ոքին երևի խաղի ընթացքն էր թելադրում:

– Ընդմիջումից հետո ի՞նչն էր փոխվել թիմի տրամադրվածության մեջ. երկրորդ խաղակեսում շատ ավելի ակտիվ էին գործում:

– Առաջին խաղակեսում էլ էինք ակտիվ, պարզապես իրենք միշտ հավատում էին իրենց ուժերին, որ կարող էին փրկել խաղը:

– Ըստ խաղի բովանդակության՝ կարելի՞ է ասել, որ «Բանանցին» ոչ-ոքին ձեռնտու էր, իսկ «Արարատ-Արմենիան» հաղթանակի համար էր խաղում:

– «Բանանցի» մասով չեմ կարող պատասխանել, բայց խաղում երևի դուք տեսնում էիք, որ մենք մինչև վերջ ուզում էինք գոլ խփել: Մենք բոլոր խաղերը խաղում ենք հաղթանակի համար: Կարևորը՝ խաղի ընթացքը փոխեցինք:

– Չեմպիոնական մրցավազքում միավորներ կորցնելը կարող էր թանկ արժենալ: Անհանգստություն կա՞ր վերջին րոպեներին, որ գուցե այդպես էլ խաղն ավարտվի:

– Առջևում դեռ այնքան շատ խաղեր կան: Ճիշտ է՝ ամեն միավոր իր արժեքն ունի, բայց մենք հիմա այդքան հեռուն չենք նայում: Մեզ համար կարևոր է հաջորդ խաղը: Ու շատ լավ է, որ այսպիսի խաղեր շատ են լինում: Սա կբարձրացնի մեր առաջնության մակարդակը:

– Ամեն դեպքում, հավատո՞ւմ էիք, որ վերջին րոպեներին գոլ կխփեիք:

– Կարևորը՝ ֆուտբոլիստները հավատային:

Share |

Լրահոս