NBA. Հարդենը և Ադետոկունբոն տպավորել են դաբլ-դաբլերով, Հյուսթոնը և Միլուոկին հաղթանակով են սկսել փլեյ-օֆֆը (տեսանյութ)

10:55 15.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Միլուոկի Բակսը» հաղթանակով է մեկնարկել փլեյ-օֆֆում։

Այսօր «Բակսը» հյուրընկալել է «Դետրյոտ Պիստոնսին» և 121-86 հաշվով հաղթանակ տոնել։ Հանդիպման գլխավոր հերոսը եղել է տանտերերի առաջատար Յանիս Ադետոկունբոն, որի ակտիվում դաբլ-դաբլ է գրանցվել՝ 24 միավոր, 17 անդրադարձ։ «Դետրոյտի» կազմում ամենաարդյունավետը եղել է Լյուկ Կեննարդը, որը վաստակել է 21 միավոր։

Շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 18-ին, կրկին Միլուոկիում։

Փլեյ-օֆֆը հաղթանակով է սկսել նաև «Հյուսթոն Ռոկետսը», որը սեփական հարկի տակ 122-90 հաշվով առավելության է հասել «Յուտա Ջազի» նկատմամբ։ Չորրորդ քառորդում տանտերերը հաղթել են 39-19 հաշվով։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիսը եղել է «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը, որը դաբլ-դաբլ է գրանցել՝ 29 միավոր, 10 արդյունավետ փոխանցում։

Դաբլ-դաբլ է գրանցվել նաև Կլինտ Կապելայի ակտիվում՝ 16 միավոր, 12 անդրադարձ, իսկ հյուրերից 22 միավորով և 12 անդրադարձով դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Ռուդի Գոբերը։

Շարքի երկրորդ հանդիպումը կրկին կայանալու է «Հյուսթոնի» խաղահրապարակում, ապրիլի 18-ին։

Ավելի վաղ կայացած խաղերում հաղթանակներ են տոնել «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերսը» և «Բոստոն Սելտիկսը»։ «Պորտլենդը» սեփական հարկի տակ 104-99 հաշվով հաղթել է «Օկլահոմա Սիթի Տանդերին»։

Ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Դեմյեն Լիլարդը, որը վաստակել է 30 միավոր։ «Օկլահոմայից» Պոլ Ջորջի ակտիվում 26 միավոր է գրանցվել, իսկ Ռասել Ուեստբրուկը թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 24 միավոր, 10 փոխանցում, 10 անդրադարձ։

Այս շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին, կրկին Պորտլենդում։

«Բոստոն Սելտիկսն» էլ հաղթանակով է սկսել «Ինդիանա Պեյսերսի» հետ շարքը։ Բոստոնում կայացած հանդիպումն ավարտվել է 84-74 հաշվով։ Այս խաղում վճռորոշ է եղել երրորդ քառորդը, որում «Բոստոնը» հաղթել է 26-8 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստները եղել են Կայրի Իրվինգը և Մարկուս Մորիսը, որոնք վաստակել են 20-ական միավոր։

Շարքի երկրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 18-ին, կրկին Բոստոնում։

Երեկ կայացած հանդիպումների արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Share |

Լրահոս