ՉԼ. Խելագար ֆուտբոլ Մանչեսթերում. Տոտենհեմը գերդրամատիկ պայքարում դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

01:03 18.04.2019

Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:

Երեկ քառորդ եզրափակչի փուլը հաղթահարել էին «Այաքսն» ու «Բարսելոնան»:

1/4 եզրափակչի զույգերից մեկը կազմել էին «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»: Առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին 1:0 հաշվով: Պատասխան խաղում ամեն ինչ ֆանտաստիկ ստացվեց:

Նախ «քաղաքաբնակները» Սթերլինգի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Լոնդոնցիները Սոնի դուբլի շնորհիվ առավելություն ստացան:

Այնուհետև, Բեռնարդու Սիլվան հավասարեցրեց հաշիվը, իսկ Սթերլինգը դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 3-2:

Երկրորդ խաղակեսում Սերխիո Ագուերոն խփեց տանտերերի 4-րդ գոլը: Թվում էր, թե մանչեսթերյան ակումբը կկարողանա պահել երկու գնդակի առավելությունը, սակայն հյուրերն այլ մտադրություն ունեին:

Փոխարինման դուրս եկած Ֆեռնարդո Լյորենտեն դարձավ գոլի հեղինակ ու ընդհանուր հաշիվը դարձրեց 4:4: 

Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Սթերլինգը դարձավ գոլի հեղինակ: «Քաղաքաբնակները» ցնծում էին ու տոնում հաղթանակը, սակայն VAR-ի օգնությամբ մրցավարը չհաշվեց գոլը:

Թեժ հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4:3: Դիմակայության ընդհանուր հաշիվը, սակայն, դարձավ 4:4 ու մրցակցի դաշտում ավելի շատ խփած գոլի շնորհիվ «Տոտենհեմը» դուրս եկավ կիսաեզրափակիչ:

 

Share |

Լրահոս