NBA. Հյուսթոնը, Միլուոկին, Բոստոնը շարքերում երկրորդ հաղթանակներ են տոնել (տեսանյութ)

13:52 18.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլում շարունակվում են շարքերի երկրորդ հանդիպումները: Այսօր կայացել է 3 խաղ:

«Հյուսթոն Ռոկետսը» սեփական հարկի տակ ջախջախիչ՝ 118-98 հաշվով հաղթանակ է տոնել «Յուտա Ջազի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 2-0: Վճռորոշ է եղել հանդիպման չորրորդ քառորդը, որում տանտերերը հաղթել են 39-19 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը, որը 32 միավորով, 13 անդրադարձով և 10 արդյունավետ փոխանցմամբ թրիփլ-դաբլ է ձևակերպել:

Շարքի երրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 21-ին, Սոլտ Լեյկ Սիթիում:

Շարքում երկրորդ հաղթանակն է տոնել նաև «Միլուոկի Բակսը», որը սեփական հարկի տակ 120-99 հաշվով առավելության է հասել «Դետրոյտ Պիստոնսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Միլուոկիից» Էրիկ Բլեդսոն, որը վաստակել է 27 միավոր: Յանիս Ադետոկունբոն էլ դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 26 միավոր և 12 անդրադարձ:

Շարքի երրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 21-ին, Դետրոյտում:

«Բոստոն Սելտիկսն» էլ «Ինդիանա Պեյսերսի» հետ շարքում է երկրորդ հաղթանակ տոնել՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 99-91 հաշվով: Հանդիպման գլխավոր հերոսը եղել է «Սելտիկսից» Կայրի Իրվինգը, որը վաստակել է 37 միավոր: 

Շարքի երրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 20-ին, Ինդիանապոլիսում:

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հնգյակը, որում ներառվել են Ջեյսոն Տեյտումի, Գլեն Ռոբինսոնի և Յանիս Ադետոկունբոյի դանկերը, Հարդենի 3-միավորանոցը և Ադետոկունբոյի արդյունավետ բլոկ-շոթը:

Share |

Լրահոս