Անգլիայում 10-ամյա ֆուտբոլիստի հայրը ռասիզմի համար դատի է տվել իր տղային փոխարինած ակումբին

13:15 19.04.2019

Անգլիական «Վիներշ Ռեյնջերս» ակումբը տուգանվել է 3 հազար ֆունտով ռասիզմի և էմոցիոնալ ճնշման համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, դատարանը նման որոշում է կայացրել թիմի 10-ամյա ֆուտբոլիստի հոր հայցի հիման վրա: Տղայի հայրը դատարան է դիմել այն բանից հետո, երբ իր տղան փոխարինվել է խաղերից մեկի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականին մինչմրցաշրջանային մրցաշարի խաղերից մեկում:

«Անցած ամառ Մ10 տարեկանների թիվը մինչմրցաշրջանային մրցաշարի էր մասնակցում, ու մարզիչը փոխարինել է այդ խաղացողին: Նրա հայրը ճիշտ եզրահանգումներ չի արել, քանի որ փոխարինումները պարզապես խաղի մի մասն են, մարզիչը պարզապես ցանկացել է բոլոր խաղացողներին հավասարաչափ հնարավորություն ու խաղաժամանակ տրամադրել:

3 հազար ֆունտի կորուստը մեծ հարված է մեզ նման ակումբի համար: Մեզ համար կարևոր են բոլոր երեխաները, մենք ցանկանում ենք, որ նրանք սիրեն ֆուտբոլ խաղալ: Եթե մեզ լավ ֆուտբոլիստ է հանդիպում, դա պարզապես բոնուս է: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք բողոքարկել դատարանի վճիռն ու վերադարձնել մեր գումարները»,- ասել է ակումբի քարտուղար Ֆիլ Չիկը:

Share |

Լրահոս