Մանուել Նազարեթյան. Ուզում եմ Մարսելում ստացած փորձս կիրառել Հայաստանի Մ19 հավաքականում

19:37 19.04.2019

Եվրոպայի Մ-19 առաջնությանն ընդառաջ՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է նոր շարք, որում կներկայացնի Մ19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Մարսել քաղաքը Ֆրանսիայի հայաշատ բնակավայրերից է, որտեղ այս պահին բնակվում է մոտ 80 հազար հայ: Այստեղ միշտ էլ եղել են տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Նրանցից մեկը՝ դարպասապահ Մանուել Նազարեթյանն այսօր համալրել է Հայաստանի Մ19 հավաքականի շարքերը: ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում Նազարեթյանը պատմել է իր անցած ճանապարհի, հայերենի իմացության և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու մասին.

-Ի՞նչ կպատմեք Ձեր մասին:

-Ֆուտբոլային ճանապարհս սկսել եմ Մարսելի «Օլիմպիկում»: Մինչև դարպասապահի դիրքում հայտնվելը մի քանի տարի խաղացել եմ հարձակվողի և պաշտպանի դիրքերում: «Օլիմպիկում» ընդգրվելու միջոցով միջազգային անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Վայելում եմ ֆուտբոլն իմ սիրելի ակումբում: Անցած տարվանից «Օլիմպիկի» Մ-19 թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ: 18 տարեկանս կլրանա հուլիսի 1-ին: Հայաստանի հավաքական ժամանել եմ մեծ պատասխանատվությամբ: Այստեղ ջերմորեն ընդունեցին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու անձնակազմը ամեն կերպ օգնում են:

-Հայերեն բառեր սերտե՞լ եք:

-Դաշտում փորձում էի հուշել հայերեն. օրինակ, երբ մարզումային խաղի ժամանակ պաշտպանները գնդակ էին ստանում, նրանց հուշում էի, որ մենակ են: Դեռ առաջին մարզումն էր. ժամանակ կունենամ: Հայերեն նաև բարևում եմ, բարի ախորժակ եմ մաղթում, տղաների որպիսությամբ եմ հետաքրքրվում:

-Եվրոպայի առաջնությունը ընդունելու է Հայաստանը: Այս մասով ի՞նչ կասեք:

-Մեծ ոգևորությամբ ենք սպասում խոշոր իրադարձությանը: Ֆրանսիայից ժամանած տղաներով շատ ենք ցանկանում Հայաստանը ներկայացնել այդ մրցաշարում: Դա լուրջ հնարավորություն է բոլորիս համար: Մեր պոտենցիալ մրցակից Ֆրանսիայի հավաքականի մի շարք խաղացողների մասին պատմելու բան ունեմ համերկրացիներիս: Իմ տեղեկությամբ պետք է կիսվեմ հավաքականի հետ:

-Մարսելի «Օլիմպիկից» Դուք և Թոմ Բանդիկյանը ինչպիսի՞ նորույթ կարող եք բերել հավաքական:

-Ֆուտբոլային տարբեր մշակույթում մեծանալը նաև տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում: Ուստի, պետք է փորձեմ իմ յուրացրածը փոխանցել հավաքականի մյուս անդամներին, նրանց իմացությամբ էլ ինքս հետաքրքրվեմ, նորը ուսումնասիրեմ: «Օլիմպիկում» փոքրուց սովորեցնում են դժվար պայքարի, երբեք չհանձնվելուն: Ակումբի կարգախոսի և օրհներգի բառերը հիմնվում են հաղթանակի գաղափարի վրա:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...