Թոմ Բանդիկյան. Ուրախ եմ, որ այս կարգի մրցաշար է կայանալու Երևանում

20:00 20.04.2019

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Հայաստանի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը:

Այս անգամ ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը զրուցել է «Օլիմպիկի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Թոմ Բանդիկյանի հետ, ով նույնպես մասնակցում էր Հայաստանի Մ-19 հավաքականի մարզահավաքին.

- Ձեր կարիերայում նոր փուլ է սկսվել: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

- Կարիերաս սկսել եմ Մարսելի մերձակայքում գտնվող «Սետեմ-լե-Վալոն» ակումբում: Այս ակումբը հայտնի է նրանով, որ կարիերայի մեկնարկում այնտեղ խաղացել է Զինեդին Զիդանը: Հարձակողական ոճի կիսապաշտպան եմ: Այս տարի լրացավ 17-ամյակս: Հիմա Մանուելի հետ ներկայացնում ենք Մարսելի «Օլիմպիկը»: Կարևոր մարտահրավերի համար գտնվում եմ հայրենիքում: Եռօրյա մարզումները շատ լավ անցան:

-Հավանաբար հասցրեցիք ծանոթանալ ֆրանսիական և հայկական ֆուտբոլի մարզումային տարբերություններին:

- Այստեղ կարճ փոխանցումներն ու արագաշարժ տեղաշարժերը մեծ տեղ են զբաղեցնում: Մարսելում սովոր ենք բարձրից փոխանցումներով խաղալ, այնտեղ ավելի ուղղահայաց ֆուտբոլ է: Արագորեն կփորձեմ մերվել այս խաղին և ավելի համակողմանի դառնալ: Ձգտելու ենք օրեցօր զարգացնել փոխգործակցությունը:

- Հաղորդակցվելու առումով, կարծես, առաջընթաց կա:

- Այո, խաղային դիրքիս վերաբերող բառերը առաջնահերթ են: Օրինակ, պատ խաղարկելիս ասում եմ «ինձ-քեզ»: Նորեկներս պետք է նաև այդ ուղղությամբ աշխատենք:

- Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու: Շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցաշար է կայանալու Երևանում: Հայաստանի հավաքականը, հույս ունեմ, իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Բոլորիս հաջողություն եմ մաղթում:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...