Աղբյուր. Անրին հաջորդ շաբաթ կգլխավորի MLS-ի ակումբներից մեկը

14:57 21.04.2019

MLS-ի «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի ղեկավարությունը որոշել է ֆրանսիացի մասնագետ Թիերի Անրիին նշանակել թիմի նոր գլխավրո մարզչի պաշտոնում: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ, հայտնում է Sky Sports-ը:

Անրին 2010-ից 2014 թվականներին է հանդես եկել «Ռեդ Բուլզում»: Նրա ակտիվում 52 գոլ կա 135 խաղում: Ամերիկյան ակումբը հարձակվողի համար դարձել է վերջինը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում:

Թիերիի առաջին ակումբը որպես մարզիչ՝ եղել է «Մոնակոն», որը նա գլխավորել է 2018 թվականի հոկտեմբերին: Ֆրանսիացին փոխարինել է Լեոնարդու Ժարդիմին: 3 ամիս անց ֆրանսիական ակումբը բաժանվել է Անրիից և Ժարդիմին վերադարձել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում «Նյու-Յորք Ռեդ Բուլզը» մեկ հաղթանակ է տարել 7 խաղում: Ակումբն Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս