Բուգուիի դեպքը համախմբեց ֆուտբոլիստներին. Վարդան Մինասյան

21:28 21.04.2019

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հարցազրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ:

Հայ մասնագետը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի էմոցիոնալ և հոգեբանական վիճակի, Լուիս Օգանայի ցուցաբերած խաղի և Բուգուիի վնասվածքի մասի.

«Միշտ հաղթանակից հետո թիմը ավելի բարձր տրամադրվածությամբ է հանդես գալիս: Հուսով եմ առաջիկա խաղի ժամանակ ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց բոլոր հնարավորությունները, թարմ ուժերով և նման բարձր տրամադրվածությամբ կգրանցեն դրական արդյունք»:

Լուիս Օգանայի խաղի մասին

«Անկեղծ ասած չէի սպասում, որ երկու գոլի հեղինակ կդառնա, բայց նա շատ լավ ֆուտբոլիստ է և իր աշխատասիրությամբ լավ մարզավիճակ է ձեռք բերել: Միանշանակ կարող եմ ասել, որ Լուիսը խաղում է մոտիվացված և միշտ լավ է մարզվում պարապմունքներին»:

Թիմում իրավիճակի մասին

«Կամաց-կամաց ֆուտբոլիստները սկսում են ծանոթանալ թիմի մոտեցումներին և սկզբունքներին: Ուզում եմ նշել, որ բացի խաղային սկզբունքներից, շատ կարևոր դեր ունեն մարզիչ-ֆուտբոլիստ սկզբունքները: Կարծում եմ, որ այս պարագայում թիմում մեծ պրոգրես կա և ֆուտբոլիստները հասցրել են ընտելանալ մեր աշխատելաոճին: Բայց դեռ ժամանակ է պետք լիակատար արդյունքի հասնելու համար, քանի որ տարվա սկզբից թիմի կազմը գրեթե 50%-ով փոխվել է՝ տասնմեկ ֆուտբոլիստ գնացել է թիմից և վեց նոր ֆուտբոլիստ եկել: Սա նշանակում է, որ պրոցեսը շարունակական է»:

Ժան Ժակ Բուգուիի վնասվածքի մասին

«Տեսնելով թիմի ցուցադրածը նախորդ խաղից առաջ և խաղի ընթացքում, կարծում եմ Բուգուիի դեպքը ունեցավ որոշակի ազդեցություն թիմի վրա և կարելի է ասել նաև համախմբեց ֆուտբոլիստներին: Ցանկացած ֆուտբոլիստի կորուստ մեզ համար շատ ցավալի է: Հույս ունեմ շուտ կապաքինվի և կրկին օգուտ կտա մեր թիմին»:

Share |

Լրահոս