Յանգ․ Եթե չես կարողանում տրամադրվել դերբիին, ուրեմն քեզ հետ ինչ-որ բան այն չէ

20:51 22.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգն «Էվերթոնից» կրած պարտությունից (0-4) հետո խոսել է առաջիկա հանդիպումներից ունեցած սպասելիքների մասին։

«Մենք պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից։ Առջևում բարդ հանդիպում է՝ մանչեսթերյան դերբին։ Գիտակցում ենք, թե որքան կարևոր է այն։ Եթե չես կարողանում տրամադրվել դերբիին, ուրեմն քեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Ես համոզված եմ՝ պատրաստ ենք լինելու «Սիթիի» դեմ խաղին։

Հիասթափված ենք «Էվերթոնից» կրած պարտությունից, բայց պետք է արագ սթափվենք և պատրաստվենք։ Առջևում 4 հանդիպում կա։ Պետք է հաղթենք բոլոր խաղերում։ Եթե հոկտեմբերին ինձ ասեին, որ կարող ենք նման իրավիճակում հայտնվել՝ կուրախանայի, սակայն ՄՅՈւ-ի նման ակումբը պետք է պայքարի ամենաբարձր հորիզոնականների համար։

Համոզված եմ՝ կարող ենք հաղթել առաջիկա խաղերում։ «Էվերթոնից» կրած պարտությունից հետո երկրպագուները շարունակում են աջակցել մեզ։ Նրանք պարզապես անհավանական են, և նրանց համար մենք պետք է պայքարենք մնացած խաղերում»,- Յանգի խոսքերը մեջբերել է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետո ունի 64 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս