Ֆիզկուլտ ինստիտուտը դրամական պարգևների է արժանացրել իր ուսանողներ Անուշ Գրիգորյանին ու Հակոբ Մկրտչյանին

14:14 23.04.2019

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը երեկ հյուրընկալել է ծանրորդ Հակոբ Մկրտչյանին և բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանին:

Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի 1-ին կուրսի ուսանող Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում վերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում նվաճել էր ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ՀՖԿՍՊԻ-ի ուսանողուհի, բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը անգերազանցելի էր Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի առաջնությունում. 51 կգ քաշային կարգում 21-ամյա մարզուհին եզրափակչում հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Կարլի Մկնաուլին՝ նվաճել էր ոսկե մեդալ:

Ողջունելով և շնորհավորելով հաղթանակներով վերադարձած ուսանողներին՝ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը իր խոսքում խոսել է այն  ուրախության ու հպարտության մասին, որ ինստիտուտում ապրեցին ուսանողների հաղթանակների մասին լուրը լսելիս: Ռեկտոր Առաքելյանը մարզիկներին մաղթել է նույն եռանդով ու նպատակասլացությամբ ձգտել նորանոր հաղթանակների ու մարզական բարձունքների:

Նորընծա չեմպիոնները, կիսվելով առաջնություններից ունեցած իրենց տպավորություններով, նշել են, որ քրտնաջան մարզումներն ու չեմպիոն դառնալու մեծ ցանկությունը հաջողության ամենագլխավոր գրավականն է:

Անուշի խոսքով՝ մանկուց երազել է մասնակցել Օլմիպիական խաղերին ու հաղթել. շարունակելու է անմնացորդ մարզվել, որպեսզի կրկին զգա չեմպիոն դառնալու երջանկությունը:

Հանդիպման ավարտին պրոֆեսորադասախոսական ողջ կազմը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընծա չեմպիոններին հաղթանակների առթիվ: Չեմպիոն ուսանողներին հանձնվել են նաև դրամական պարգևներ։

Share |

Լրահոս

Loading...