Գագիկ Ծառուկյան. Ջուլֆալակյանի բրոնզե մեդալն ինձ համար ոսկու արժեք ունի

13:00 23.04.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին:

Այս մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ՀԱՕԿ նախագահն անդրադարձել է հայ մարզիկների ելույթներին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, Բաթումիում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում և լեհական Շեցինում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ արդյունքները լավն են, սակայն ձգտելու և ավելացնելու տեղ կա: Անդրադառնալով հունահառոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ցույց տված արդյուքներին` նա նշել է.

«Մենք ձեզանից սպաում ենք միայն ոսկե մեդալներ: Ճիշտ է, բրոնզե մեդալը նույնպես վատ արդյունք չէ, բայց դուք պետք է ավելի լավ արդյունքներ գրանցեիք: Արսեն Ջուլֆալակյանի ցույց տված արդյունքից եմ շատ ուրախացել, դա ինձ համար ոսկու արժեք ուներ, քանի որ նա այդքան զբաղվածության հետ միասին կարողանում է բարձր մակարդակով հանդես գալ, նաև պետք է հաշվի առնենք նրա տարիքը»:

ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ շատ ուրախ է Արսեն Ջուլֆալակյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ, քանի որ վերջինս անդրադառնում է մարզաշխարհի խնդիրներին, փորձում լուծումներ գտնել:

Խոսելով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի մասին՝ Գագիկ Ծառուկյանը շատ բարձր է գնահատել 19-ամյա ըմբիշի նվաճումը.

«Զարմանալ կարելի է՝ ինչպես այս տարիքում այդպես տղամարդավարի գոտեմարտեցիր, երբ պարտվում էիր 0:8 հաշվով, հետ բերեցիր ու դարձար չեմպիոն՝ ամբողջ աշխարհին ցույց տալով մեր ուժը: Ամբողջ աշխարհը նայում և հիանում էր քեզանով»: 

Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատել նաև հայ մարմնամարզիկների ելույթը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում, որտեղ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:

Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին պատշաճ ներկայանալու համար:

«Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձևերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- խոսքը եզրափակել է ՀԱՕԿ նախագահը:

Share |

Լրահոս

Loading...