Նադալ. Նպատակս ինքս ինձ վերգտնելն է

13:59 23.04.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարից ունեցած սպասելիքների մասին:

Աշխարհի երկրորդ ռակետը պայքարը սկսելու է երկրորդ շրջանից՝ մրցելով արգենտինացի Լեոնարդո Մայերի հետ:

«Իմ նպատակն ինքս ինձ վերգտնելն է: Մեկ անգամ չէ, որ դժվարությունների եմ բախվել, սակայն կարողանում եմ հաղթահարել բոլոր արգելքները: Այս մրցաշարից առաջ պետք է մոռանամ այն ամենը, ինչ նախկինում տեղի է ունեցել: Հույս ունեմ՝ հնարավորինս լավ հանդես կգամ: Եթե չհաջողվի լավ խաղալ Բարսելոնայում, առջևում հնարավորություններ կունենամ Մադրիդում, Հռոմում և «Ռոլան Գարոսում»»,- Նադալի խոսքը մեջբերել է Բարսելոնայի մրցաշարի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախքան Բարսելոնայի մրցաշարը, Նադալը Մոնտե Կառլոյի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում 4-6, 2-6 հաշվով պարտվել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին:

Նադալը Բարսելոնայի մրցաշարի գործող չեմպիոնն է: Նախորդ խաղարկության եզրափակչում իսպանացին 6-2, 6-1 հաշվով հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Share |

Լրահոս