Գուցե եկեղեցի գնաս. Գագիկ Ծառուկյանն` Անդրանիկ Կարապետյանին

12:34 23.04.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Անդրադառնալով ծանրամարտի ԵԱ-ի կշռման արարողությունը ձախողած Անդրանիկ Կարապետյանին՝  ՀԱՕԿ նախագահը նշել է, որ հայ ծանրորդը տաղանդավոր և կարող ուժ է, բայց անհաջողությունները հետապնդում են նրան.

«Անդրանիկ ջան, գուցե եկեղեցի գնաս»,- ժպտալով ասել է ՀԱՕԿ նախագահը:

Անդրանիկ Կարապետյանը նշել է, որ լավ էր պատրաստվել այս առաջնությանը, պարզապես, իրոք, անհաջողություն եղավ, իսկ եկեղեցի արդեն գնացել է:

Հիշեցնենք` Բաթումիում կայացած ծանրամարտի ԵԱ-ում Անդրանիկ Կարապետյանին թույլ չեն տվել մասնակցել մրցմանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հստակեցրել էր, թե ինչու.

«Անդրանիկ Կարապետյանի առաջին կշեռքից հետո տեսանք, որ քաշն ավելի է, և նա ուղևորվեց շոգեբաղնիք՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց «Ok», ինչից հետո Անդրանիկը կարծեց, թե ամեն բան նորմալ է և ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցի գրել պոկում և հրում վարժությունների հայտերը, այդ մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց Անդրանիկն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղինքն էլ չօգնեց մեզ, և նրա քաշը 200 գ ավելի էր»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Share |

Լրահոս

Loading...