Զրկել միավորներից և հանդիսականից. Սթերլինգը ռասիզմի դեմ պայքարի իր տարբերակն է առաջարկում

18:03 23.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը խոսել է ֆուտբոլում ռասիզմի դրսևորումների մասին և առաջարկել է նման միջադեպերի համար պատժել ակումբներին:

«Ամբողջ աշխարհում խաղում են սևամորթ, ասիացի ֆուտբոլիստներ, կան մարզիչներ, և երկրպագուները վիրավորում են նրանց: Երբեմն ինձ թվում է, որ ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչները և մասնակիցները գաղափար չունեն, թե ինչպես լուծել այս խնդիրը: Ես հաճախ ենթարկվում եմ ռասիստական վիրավորանքների: Դրանցից չեմ չարանում, պարզապես տխրում եմ: Երբեմն վիրավորում են մայրիկիս և աղջկաս:

Ցավում եմ, քանի որ եթե ես սևամորթ եմ, դա չի նշանակում, որ փոքրամասնություն եմ: Պարզապես մարդ եմ, որը ցանկանում է ապրել առանց վիրավորանքների: Ապշեցուցիչ է, որ ռասիզմի դրսևորումների համար տուգանքներն ավելի քիչ են, քան հովանավորի տարբերանշանը ցույց տալու տուգանքները:

Չեմ կարծում, թե խաղադաշտից հեռանալը խնդրի լուծում է, բայց ֆուտբոլիստներին չպետք է պատժեն նման դեպքերում: Ռասիզմի համար պատիժները պետք է ավելի խիստ լինեն: Գումարային պատիժը ոչ մի կերպ չի վնասելու հարուստ ակումբներին և ասոցիացիաներին:

Ես կառաջարկեի ռասիստական վիրավորանքների համար թիմերից ավտոմատ 9 միավոր հանել: Շատ դաժան է հնչում, սակայն երկրպագուներն այդպես չեն վարվի, եթե հասկանան, որ դա վնասելու է իրենց թիմերին, վտանգելու է նրանց հնարավորությունները չեմպիոնական պայքարում: Բացի այդ, կարծում եմ՝ ակումբները պետք է 3 հանդիպում առանց հանդիսականի անցկացնեն: Ռասիստական դրսևորումները կարող են ազդել ակումբների եկամտի վրա: Դրան էլ արդեն ուշադրություն կդարձնեն հովանավորները: Նման պատիժների դեպքում մարդիկ երկու անգամ ավելի շատ կմտածեն նախքան վիրավորելը կամ անտեսելը»,- Սթերլինգի խոսքերը մեջբերված են The Times-ից:

Share |

Լրահոս