Եվրոպայի ու Կովկասի առաջնություն. Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի առաջիկա անելիքները

19:25 28.04.2019

Երևանում այս օրերին, ինչպես արդեն հայտնել էինք, կայանում է KWU վարկածով կարատեի միջազգային առաջնություն, որին 10 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ է մասնակցում:

Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանն ArmSport-ի հետ զրույցում պատմել է նաև այն մասին, թե ինչ մրցաշարեր են սպասվում առաջիկայում:

«Մայիսին կսկսենք նախապատրաստվել KWU-ի վարկածով Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու Գերմանիայի Բեռլին քաղաքում: Հունիսին մասնակցելու ենք Կովկասի առաջնությանը, հուլիսին՝ միջազգային առաջնության Բուլղարիայում, օգոստոսին մարզահավաքներ, հոկտեմբերին՝ Եվրոպայի առաջնություն, նոյեմբերին դարձյալ այստեղ միջազգային առաջնություն կունենանք, իսկ արդեն դեկտեմբերին կմասնակցենք աշխարհի առաջնությանը:

Ամեն ամիս միջազգային մրցաշար ունենք, աշխատում ենք շատ հագեցած գրաֆիկով, կարելի է ասել՝ հանգստանալու ժամանակ չունենք:

Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմեկնենք 13-հոգանոց կազմով: Սպասելիքները մեծ են, ամեն ինչ կանենք լավ հանդես գալու համար: Ինչ վերաբերում է Կովկասի առաջնությանը, պետք է նշեմ, որ բավականին մեծ կազմով ենք մեկնելու Թիֆլիս՝ ընդհուպ մինչև 80 ներկայացուցիչ կունենանք տարբեր տարիքային խմբերում»,- ասում է Սպարտակ Գասպարյանը:

Բեռլինում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը հանդես կգան նաև Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանի սաները.

«Իմ մարզիկներից այդ առաջնությունում հանդես կգան 7-ը: Լրջորեն ենք պատրաստվում՝ քրտնաջան մարզումներ անցկացնելով: Հուսով եմ՝ արդյունքները լավը կլինեն, բայց իհարկե կանխատեսումներ անել հնարավոր չէ: Սպորտ է ու ամեն ինչ կորոշվի մրցումային օրը: Կովկասի առաջնությանն արդեն կմասնակցեն թե՛ պատանիները, թե՛ մեծահասակները: Հանդես կգան մեր հավաքականների առաջին և երկրորդ համարները: Հուսանք՝ Հայաստանը պատվով կներկայանա այդ մրցաշարում:

Ինչ վերաբերում է իմ մարզիկներին, ապա նրանք բոլորն Արցախից են: Քանի որ ես բնակվում եմ Արցախում, կարողանում եմ միայն այնտեղի հավաքականի հետ աշխատել»,- նշել է 25-ամյա մարզիկը:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...