Ավարտվեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը

17:24 29.04.2019

Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը վերսկսվել է նոր ձևաչափով։ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գլխավորությամբ վերաձևավորվել է մարզչական կրթության համակարգը: Նորմերը սահմանված են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայով։

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 25-ից 28-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը:

Դասախոսությունները կարդացել են Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, կրթության բնագավառում գիտությունների դոկտոր Ռուբեն Լեսկանոն։

Տեխնոլոգիաների կիրառության չափորոշիչները ներկայացրել է կրթության մասի պատասխանատու Ղազար Հակոբջանյանը:

Դասերի 4 օրերի ընթացքում Անտոնիո Ֆլորեսը ներկայացրել, ապա նաև գործնական աշխատանքների միջոցով պարզաբանել է մարտավարության տեխնիկական նրբությունները, որոնք հաճախ դուրս են մնում տեսադաշտից, բայց տակտիկական ցանկացած գործողության հիմքում են։ Մասնակիցները պրակտիկ առաջադրանքներ են ստացել, որոնք շարունակական կլինեն։

«Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է ֆուտբոլիստների մասնագիտացում՝ ըստ խաղային դիրքերի, հենց նրանց կարողություններն են պայմանավորում խաղային եղանակը։ Հուլիսին Երևանում կվերլուծեն Եվրոպայի Մ19 առաջնությունը․ զեկույցը կարխիվացվի ՈՒԵՖԱ-ի համակարգում։

Օրացուցային տարվա ընթացքում մասնակիցները կուղևորվեն եվրոպական առաջատար երկրներից մեկը՝ մարզումային շաբաթական շրջափուլը ուսումնասիրելու նպատակով»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 19-ին Հայաստանում կդասախոսեն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վիսենտե դել Բոսկեն, նրա երկարամյա գործընկեր Խավիեր Մինյանոն, որը 2018-ի նոյեմբերից զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության հարցերով:

ՀՖՖ-ն կձգտի ապահովել հնարավորինս մեծ թվով շահառուների ներկայությունը:

Share |

Լրահոս

Loading...